Մինեապոլիսը 27 միլիոն դոլար կվճարի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին
ԱՄՆ-ում Մինեապոլիս քաղաքը 27 միլիոն դոլար կվճարի մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հարազատների կողմից հարուցված քաղաքացիական հայցը լուծելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով NBC-ին:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է միաձայն ուրբաթ օրը կայացած քաղխորհրդի փակ նիստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգներում սկսվել է նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի գործով դատավարությունը, որը մեղադրվում է Ջորջ Ֆլոյդի սպանության համար, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին, ինչը զանգվածային բողոքներ ու անկարգություններ է առաջացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները, որ շնչահեղձ է լինում:
Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:










