«Այսօր հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ոչ թե արդեն արվածի, այլ դեռ չարվածի վրա». Զելենսկին նշել է, թե որոնք են Ուկրաինայի համար կարևորագույն օրենքները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինայի համար այժմ չափազանց կարևոր են այն օրենքները, որոնք անհրաժեշտ են հողային բարեփոխումների, ապակենտրոնացման և ժողովրդավարության ներդրման, ինչպես նաև դատական համակարգի բարեփոխումների, տնտեսական աճի, կենսաթոշակային ապահովման, կապիտալի համաներման և կոռուպցիան հաղթահարելու համար:
Այս մասին ուկրաինացի առաջնորդը հայտարարել է «Ժողովրդի ծառա» կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:
«Այսօր Ուկրաինայի համար չափազանց կարևոր են այն օրենքները, որոնք ավարտին կհասցնեն հողային բարեփոխումները, ապակենտրոնացումը և մեր երկրում ժողովրդավարություն կներդնեն»,- մանրամասնել է Զելենսկին:
Դիմելով «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամներին՝ նա նշել է, որ այսօր հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ոչ թե արդեն արվածի, այլ դեռ չարվածի վրա, մասնավորապես, պետք է կենտրոնանալ դրա գործնական կիրառման վրա՝ բարելավելով արագությունը և արդյունավետությունը:
«Իմ կարծիքով, դուք կարող եք քննարկումներ անցկացնել մանրամասների վերաբերյալ, բայց երբ խոսքը վերաբերում է երկրի համար հիմնարար և կարևոր հարցերի մասին, ցուցատախտակի վրա միշտ պետք է վառվի 226 լույս (նկատի ունի երկրի խորհրդարանում կուսակցության 226 պատգամավորներին,- Tert.am): Իսկ թե ինչպես կքվեարկեն մյուս կուսակցությունները, ապա դա թող մնա իրենց խղճին», - շեշտել է նա:
Միևնույն ժամանակ, Զելենսկին հավելել է, որ կուսակցությունը «պետք է լինի նախաձեռնությունների, բարեփոխումների, նախագծերի, գաղափարների, և ամենակարևորը՝ նոր պրոֆեսիոնալ և պարկեշտ անձնակազմի աղբյուր ողջ Ուկրաինայի համար»:
Իր խոսքի վերջում երկրի ղեկավարը խորհուրդ է տվել իր կուսակցության անդամներին մոռանալ «այո, բայց» արտահայտությունը, երբ խոսքը վերաբերում է տրված խոստումներին:










