«ԵՄ-ն միայն բյուրոկրատական կառույց է, որը երբեք չի ծառայում մեր շահերին»․ Le Figaro-ի լրագրողը Frexit է կանխատեսել

12:26 • 14.03.21

Ֆրանսիացի լրագրող Լորան Էրբլեն Le Figaro թերթում հրապարակված իր հոդվածում նախազգուշացրել է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու հնարավորության մասին. Էրբլեն կարծում է, որ «կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ եվրոպական արդյունաբերությունն ու տնտեսությունը խորտակվել են»։

Փորձագետը դրանում մեղադրում է Եվրամիության ղեկավարությանը։ Նրա կարծիքով՝ այն խոչընդոտում է առևտրի արտոնությունների տրամադրմանը և միության անդամ երկրներին անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերում:

Էրբլեն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն շուրջ հինգ տրիլիոն դոլար է հատկացրել ազգային տնտեսությանն օգնելու համար, մինչդեռ Եվրոպայում ֆինանսավորումը կազմել է շուրջ 300 մլրդ եվրո:

Ընդ որում, նա ընդգծել է, որ այս պայմաններում ԵՄ-ի ղեկավարությունը երկրներին կոչ է անում կրճատել բժշկական ոլորտում ծախսերը և նվազեցնել բժիշկների աշխատավարձերը՝ նրանց մրցունակությունը բարձրացնելու համար:

«ԵՄ-ն այնքան դանդաղ է բանակցում, որ եվրոպական երկրների մեծ մասը սկսում է ռուսական և չինական պատվաստանյութեր գնել»,- հայտարարել է հեղինակը:

Լրագրողի խոսքով՝ Brexit-ը նախադեպ է ստեղծել և ցույց է տվել, որ դա կարող է միությունում մնալուց ավելի շահավետ լինել: Մասնավորապես, նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի Բրիտանիայի ռազմավարությունը զգալիորեն ավելի արդյունավետ է եղել ԵՄ-ի ռազմավարությունից:

«ԵՄ-ն միայն բյուրոկրատական կառույց է, որը երբեք չի ծառայում մեր շահերին», - եզրափակել է նա` հնարավոր համարելով առաջիկայում միությունից Ֆրանսիայի դուրս գալու գործընթաց սկսելու հնարավորությունը։