«Աղջիկների կրթությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի բանալին է»․Մալալա Յուսուֆզայ

11:55 • 14.03.21

Աղջիկների կրթությունն ու երիտասարդ կլիմայական առաջնորդների նկատմամբ լուրջ վերաբերմունքը կլիմայի փոփոխության խնդրի լուծման բանալիներն են, օրերս Chatham House բրիտանական վերլուծական կենտրոնի առցանց միջոցառման ժամանակ հայտարարել է Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, գրում է Reuters-ը։

23-ամյա Յուսուֆզայը հայտարարել է, որ աղջիկների և երիտասարդ կանանց կրթությունը նրանց հնարավորություն կտա իրենց համայնքներում դառնալ կլիմայական ճգնաժամի լուծման մի մասը:

«Աղջիկների կրթությունը, գենդերային հավասարությունը և կլիմայի փոփոխությունն առանձին հարցեր չեն։ Աղջիկների կրթությունը և գենդերային հավասարությունը կարող են օգտագործվել որպես կլիմայի փոփոխության դեմ լուծումներ»,-հայտարարել է Մալալան:

Նա նաև համաշխարհային առաջնորդներին կոչ է արել ուշադրություն դարձնել երիտասարդ կլիմայական ակտիվիստներին։

«Լսե՛ք այն երիտասարդներին, որոնք ղեկավարում են կլիմայական շարժումը։ Երիտասարդները մեր առաջնորդներին հիշեցնում են, որ կլիմայի վերաբերյալ իրազեկվածությունը և կլիմայական փոփոխության դեմ պայքարը պետք է իրենց առաջնահերթությունը լինեն»,- հավելել է նա։

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը մրցանակի է արժանացել հայրենիքում տիրող դաժան խտրականության պայմաններում իր առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելով մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես՝ կանանց ու երեխաների կրթության գործը կազմակերպելու համար: Նրա պայքարը միջազգային արձագանք է ստացել, և, ինչպես նշել է Պակիստանի նակին վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին:

2012 թվականի հոկտեմբերի 9-ին նրա հանդեպ մահափորձ է կատարվել․ թալիբ մի հրաձիգ ինքնաձիգից կրակ է բացել նրա ուղղությամբ, սակայն Յուսուֆզայի կյանքը հաջողվել է փրկել։