Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Իսպանիան և Ինդոնզեիան միացել են AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը դադարեցրած տասնյակ երկրների շարքին  

22:47 • 15.03.21

Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի իշխանությունները դադարեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումը կորոնավիրուսի դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Գերմանական կառավարությունն այդ որոշումը կայացրել է ելնելով անվտանգության նկատառումներից: Երկրում որոշել են լրացուցիչ ուսումնասիրության ենթարկել դեղամիջոցը, երբ հայտնի է դարձել, որ պատվաստված անձանց մոտ թրոմբոզի առաջացման դեպքեր են եղել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտնել է, որ այդ դեղամիջոցով պատվաստումը երկրում դադարեցվել է երկու օրով, որից հետո Դեղամիջոցների հարցով եվրոպական գործակալությունը պետք է իր կարծիքը հայտնի պատվաստանյութի անվտանգության առումով:

Նույնպիսի որոշում են կայացրել նաև Հռոմում: Մինչդեռ Իսպանիան  AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը կասեցրել է 15 օրով:

Հայտնի է դարձել նաև, որ Ինդոնեզիայում ևս որոշել են հետաձգել տվյալ պատվաստանյութի կիրառումը՝ արյան մակարդելիության խախտման մասին հաղորդումներից հետո:

Առաջին երկիրը, որը դադարեցրել է բրիտանական պատվաստանյութի կիրառումը, Ավստրիան է եղել: Նրա օրինակին հետևել են Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Բուլղարիան և Ռումինիան: