Կապանի դիրքերից հրապարակված տեսանյութի շրջանակում հենակետի պատասխանատուն Ռազմական ոստիկանություն էր հրավիրվել՝ բացատրություն տալու. վերջինս բանավոր պարզաբանումներ է ներկայացրել. Ռուբեն Մելիքյան
Կապանի դիրքերից հրապարակված տեսանյութի շրջանակում հենակետի պատասխանատու, կամավորական Արտակ Հարությունյանին երեկ Ռազմական ոստիկանություն էին հրավիրել՝ բացատրություն տալու: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանից:
Նշենք, որ երեկ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կապանի նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող տեսանյութի շրջանակում հենակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Նա նշել էր, որ անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Գլխավոր դատախազության կողմից նյութերի նախապատրաստության շրջանակում սկսվել է քրեական դատավարություն և սրա պատճառով է, որ Հարությունյանը հրավիրվել է բացատրություն տալու: «Արտակ Հարությունյանը բանավոր, ծավալուն պարզաբանումներ ներկայացրեց, սակայն մենք որոշեցինք, որ ֆորմալ առումով բացատրություն տալուց հրաժարվում ենք՝ հաշվի առնելով շատ ուշ ժամը, նաև այլ հանգամանքներ և չենք բացառում, որ մոտ օրերս ևս անհրաժեշտ կլինի հրավիրվելու և բացատրություն տալու»:
Մելիքյանը կրկնեց, որ այդ հարցերի բարձրաձայնումն իր արդյունքն ունեցել է այն առումով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով շատ հարցեր տեղում արդեն լուծվել են: «Ասել, որ այդ խնդիրների բարձրաձայնումը խնդրահարույց է, օրինակ՝ պետական գաղտնիքի տեսանկյունից, մեզ համար ընդունելի չէ, որովհետև դիրքը գտնվում է հակառակորդի անմիջական դիտարկման ներքո և մեղմ ասած՝ այնտեղ կատարվող որևէ բան գաղտնիք համարվել չի կարող»:
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել էր, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին:
Աբրահամյանը նշել էր, որ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով:










