«Ուս ուսի տված՝ պետք է վերակենդանացնենք քաղաքը»․ Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է COVID-19-ի հետևանքով մարդկային աննախադեպ մեծ կորուստների մասին (լուսանկարներ)
Նյու Յորքը կորոնավիրուսից ավելի շատ մարդկային կորուստ է ունեցել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի, Վիետնամի պատերազմի, «Սենդի» փոթորկի և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ՝ միասին վերցրած․ մեկ տարում հիվանդությունից մահացել է Նյու Յորքի ավելի քան 30 հազար բնակիչ, հայտարարել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, գրում է The Straints Times-ը։
Նախօրեին Նյու Յորքում տեղի է ունեցել կորոնավիրուսի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը։ Մոտ մեկ տարի առաջ քաղաքում COVID-19-ից մահացել էր առաջին հիվանդը: Դե Բլազիոն հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կյանքից հեռացել են հազարավոր նյույորքցիներ։
«Նյու Յորքում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի, Վիետնամի պատերազմի, «Սենդի» փոթորկի և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ՝ միասին վերցրած (խոսքը նշված իրադարձություններում զոհված նյույորքցիների թվի մասին է-Խմբ.): Այս հիվանդությունը այս կամ այն կերպ ազդել է յուրաքանչյուր ընտանիքի վրա, իսկ շատերի համար դրա հետևանքով առաջացածվերքը դեռ բաց է»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետը՝ հավելելով․ «Ուս ուսի տված՝ պետք է վերակենդանացնենք քաղաքը»։
Նշենք, որ նախօրեին կայացած վիրտուալ արարողությունը սկսվել է Բրուքլինի կամրջի վրա Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որին հաջորդել է քաղաքապետի ելույթը։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ, որը տեղի է ունեցել 2020 թվականի գարնանը, Նյու Յորքը համաճարակի կենտրոնն էր: 












