Բայդենը շարունակում է աջակցել միասեռական զույգերին՝ անկախ Վատիկանի որոշումից  

23:49 • 15.03.21

ԱՄՆ նախագահ, կաթոլիկ Ջո Բայդենը շարունակում է կողմ հանդես գալ միասեռ ամուսնություններին՝ անկախ այն հանգամանքից, որ Վատիկանը հրաժարվել է օրհնել նման ամուսնությունները: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել երկրի ղեկավարի վերաբերմունքը Վատիկանի որոշմանը, ինչին ի պատասխան Փսակին ասել է. «Չեմ կարծում, որ Բայդենից որևէ անձնական պատասխան կլինի Վատիկանին: Ոչ: Նա շարունակում է աջակցել միասեռ կապերին»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վատիկանը հայտնել է, որ միասեռականների միություններն չեն կարող օրհնվել քահանաների և Կաթոլիկ եկեղեցու մյուս սպասավորների կողմից: Հայտարարությունը հնչել է ի պատասխան որոշ երկրների փորձի, ինչպես օրինակ՝ Միացյալ Նահանգների ու Գերմանիայի, որտեղ միասեռ միությունները գրանցվելու փոխարեն օրհնվում են եկեղեցու ներկայացուցիչների կողմից: