Երկիրն այնպիսի վիճակում չէր գտնվում, որ համայնքապետները ջոկատ կազմեին և պայքարեին թշնամու դեմ, որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել․ իմքայլական պատգամավոր (տեսանյութ)

14:38 • 15.03.21

Սյունիքում ամեն բան նորմալ է, կարո՞ղ եք ասել, որ պատերազմից հետո որևէ քաղաքացի թշնամու կողմից վնաս է կրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ի՞նչ է եղել այսքան ժամանակ Սյունիքում, ինչ-որ մեկը պատերազմից հետո Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին վնաս հասցվե՞լ է թշնամու կողմից»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նա նաև մեկնաբանեց խոսակցությունները, ըստ որոնց՝ հեռախոսահամար է տրամադրվել քաղաքացիներին, որ հնարավոր խնդիրների դեպքում կարողանան լուծում տալ, ոչ թե եթե գերի ընկնեն, զանգահարեն։

«Հեռախոսահամար է տրամադրվել հետագա խնդիրներից խուսափելու համար և իրադարձային ծառայություններ տրամադրելու։ Հեռախոսահամարը չի տրամադրվել, որ իրենց առևանգեն ու հետ զանգեն, որ առևանգեն, ո՞նց են զանգելու, նշեմ՝ լուրջ ռազմական խնդիրներ կառաջանան, եթե ՀՀ քաղաքացի տուժի»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց՝ Սյունիքի մարզում կարգավիճակը նորմալ է և մեկնաբանեց այն լուրերը, որ Սյունիքը, կարծես թե, առանձնացվել է Հայաստանից, ասաց՝ երկիրը որևէ պահի չի եղել այնպիսի կարգավիճակում, որ համայնքապետները պաշտպանություն կազմակերպեին, նրանք կազմակերպել են թիկունքային գործընթացը։

«Սյունիքը չի կարող առանձնանալ Հայաստանից, կարող է առանձնանալ և լինել առանձին մարզ, ինչպես բոլոր մարզերը, և որևէ այլ կերպ Սյունիքը չի կարող առանձնանալ։ Պատերազմի ընթացքում բոլոր համայնքները և համայնքի աշխատակիցներն ակտիվ մասնակցել են թիկունքային աշխատանքներին, բայց երկիրն այնպիսի վիճակում չի եղել, որ համայնքապետները պետք է կազմեին ջոկատ և պայքարեին»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորը նաև մեկնաբանեց այն ժամանակահատվածը, երբ Սյունիքի համայնքապետն է բանակցություններ վարել ադրբեջանցիների հետ։

«Ադրբեջանցիները հանդիպում են ունեցել համայնքի վարչական ղեկավարի հետ, եղել է այդպիսի իրավիճակ, երբ հանդիպել են և ահազանգել ՊՆ-ի մեր կորպուսին, և նրանք անմիջապես ժամանել են այդ վայրը, և բանակցությունները եղել են, իսկ այդ հարցը անմիջապես լուծվել է, և այս պահին Սյունիքը անվտանգ է»,- ասաց պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որակելով այն ցինիկ և նշելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ բան պարտադրել Հայաստանին։

https://www.tert.am/am/news/2021/03/06/aliyev-Zangezur/3544874

«Ես Ադրբեջանի նախագահի հայտարարությունները գնահատում եմ որպես ցինիկ հայտարարություններ և չեմ ուզում նույն ցինիկ ձևով պատասխանել նրան, և որևէ մեկը չի կարող մեզ ինչ-որ բան պարտադրել։ Նրա խոսքերի բուն պատճառն այն է, որ իր սպասումները շատ ու շատ հարցերում չեն իրականացել՝ կապված ճանապարհների հետ՝ իրենց ցանկացած տարբերակներով»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորի հավաստմամբ՝ մոտակա ժամանակահատվածում զրոյական է հավանականությունը, որ պատերազմ կսկսվի։

«Այս պահին ես գնահատում եմ, որ պատերազմի վտանգը նվազեցված է զրոյի, պատերազմի վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի, և մենք պետք է մեր նշաձողը բարձր դիրքի վրա դնենք»,-մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։