Մյանմարում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ևս 38 մարդ. ըստ իրավապաշտպանների՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 126-ի

12:04 • 15.03.21

Մյանմարում ռազմական հեղաշրջման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման վերջին դեպքի հետևանքով սպանվել է 38 ցուցարար, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Փաստաբանական խմբի պնդմամբ՝ վեց շաբաթ տևող ցույցերի ընթացքում զովել է ընդհանուր 126 մարդ, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Ձերբակալվածների թիվն առայսօր հասել է ավելի քան 2150–ի։

Կիրակի օրվա ընթացքում հրկիզվել է չինական երկու գործարան, ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամ, զոհվել է առնվազն 22 խաղաղ բնակիչ, վիրավորվել ավելի քան 20–ը։ Չինաստանի դեսպանատունը հայտնել է, որ չինական երկու գործարանները թալանվել և հրկիզվել են, իսկ աշխատակիցները՝ հայտնվել ծուղակում։

Մյանմարի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բագո քաղաքում ցուցարարների հետ բախման հետևանքով կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումից մահացել է ոստիկանության մեկ սպա։ Երկու քաղաքներում հայտարարվել է ռազմական դրություն։

Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը խստորեն դատապարտել է երկրում շարունակվող արյունահեղությունը․ «Միջազգային հանրությունը, ներառյալ տարածաշրջանային դերակատարները, պետք է համախմբվեն Մյանմարի բնակիչների և նրանց ժողովրդավարական ձգտումների շուրջ»։ Նա նշել է, որ Մյանմարի զինված ուժերն արհամարհում են զսպման վերաբերյալ միջազգային կոչերը և հավելել, որ լսել է սպանությունների, ցուցարարների նկատմամբ վատ վերաբերմունքի, բանտարկյալների խոշտանգումների, ինչպես նաև բժշկական անձնակազմի նկատմամբ դաժան վերաբերմունքի և հասարակական ենթակառուցվածքների ոչնչացման մասին։

Հիշեցնենք, որ վեց շաբաթ առաջ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության»  կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: