Օրենսդիրը մերժեց ռազմական դրությունը հանելու «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների երրորդ առաջարկը
Տեսնում ենք, թե ՀՀ-ում ինչպես է զարգանում քաղաքական իրավիճակը, և ռազմական դրությունը, որ գործում է ՀՀ-ում, ըստ իս, իր ամբողջ ծավալով չի համապատասխանում ստեղծված իրավիճակին և լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումներն ավելի հասկանալի ճանապարհով տանելու համար: Կոչ եմ անում ընդունել նախագիծը և լիագումար նիստի ժամանակ քննարկել և հանել ռազմական դրությունը. ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել՝ ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց Արման Աբովյանին՝ արդյո՞ք ռազմական դրության ռեժիմը խանգարում է քաղաքական զարգացումներին, քանի որ ռազմական դրության պարագայում Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցը փակ են. «17 կուսակցությունները ողջունում էին ԳՇ-ի բարձրագույն սպայակազմի մի մասի կողմից շրջանառության մեջ դրված պայմանը և միասնական թեկնածուի կողմից հնչում էր, որ բանակը անպայման պետք է մասնակցի քաղաքական զարգացումներին: Ռազմական դրությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել, խոչընդոտ է միայն մեր քաղաքացիների համար»:
Արման Աբովյանը խնդրեց զերծ մնալ որակավորումներից. «Մենք գտնվում ենք ԱԺ-ում, սա այն հարթակը չէ, որ ասենք այն, ինչ ցանկանում ենք, եթե ես էլ ասեմ այն, ինչ մտքովս անցնում է, շատ վատ բան կլինի: ԳՇ գերակշիռ մասը շատ լավ հասկանում է ռազմական դրության քաղաքական ենթատեքստը: Ռազմական դրության վերացման առաջարկը երրորդ անգամ ենք փորձում ներկայացնել և առաջարկում ենք քաղաքական ընթացքները վերադարձնել բնականոն լուծումների դաշտ: Ցավոք, իշխանությունները, քաղաքական դրդապատճառներով հետևողականորեն մերժում էին, հիմա դանակը հասել է ոսկորին, պետք է ինչ -որ բան անել»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ սա խորհրդարանական ընդդիմության ներկայացրած ռազմական դրությունը հանելու երրորդ նախաձեռնությունն է. «Կարծում եմ՝ պատգամավորները գիտեն Սահմանադրություն, Սահմանադրությամբ ընդդիմության կամ ԱԺ մեծամասնության իրավունքները սահմանափակված են, և խորհրդարանական ընդդիմությունը չի կարող անվստահության գործընթաց սկսել՝ ռազմական դրության ժամանակ: Ավագանիում էլ, եթե ուզենան քաղաքապետին անվստահություն հայտնել, չեն կարող: Իջևան քաղաքում ընտրություն էր նշանակված, որը հանվեց, քանի որ ռազմական դրությունը չի հանվել: Հայաստանում սահմանափակված են ընտրութունները ՏԻՄ մակարդակում, ժողովրդավարությունը՝ խորհրդարանի մակարդակում»:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դեմ է ռազմական դրությունը հանելու առաջարկին, քանի, որ արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ ռազմական դրության պայմաններում, և իշխանություններն իրենք են նախաձեռնելու ռազմական դրությունը հանելը:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացրած առաջարկը չընդունվեց՝ չներառվելով լիագումար նիստի օրակարգում:










