Թալիբները մերժել են ԱՄՆ-ի հաշտության ծրագիրը
Աֆղանական «Թալիբան» շարժումը մերժել Է Աֆղանստանում խաղաղ կարգավորման նոր պլանը, որն առաջարկել Է ԱՄՆ-ն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Նաիմ Վարդաքին: Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության ձևավորումը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչը պնդում Է ամերիկյան կողմը, թույլ չի տա «հաղթահարել Աֆղանստանի հանդեպ ծառացած մարտահրավերները»:
Ավելի վաղ Վաշինգտոնի պլանը մերժվել Է Աֆղանստանի կառավարության կողմից, նշում Է Bakhtar-ը: «Անցումային կառավարությունների գաղափարն անհիմն Է,- նշել Է Վարդաքը:- Աֆղանստանում վերջին 40 տարում իրադարձություններն ու սկսված պատերազմները հաստատում են այդ կառուցվածքի անկենսունակությունը: Անցումային կառավարություններ են ստեղծվել ամերիկյան օկուպացումից հետո, բայց դրանցից ոչ մեկը չի լուծել երկրի խնդիրները»: «Թալիբանը» նախկինի պես պնդում Է, որ Աֆղանստանից դուրս բերվեն օտարերկրյա զորքերը՝ ըստ մեկ տարի առաջ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության:
Նաիմ Վարդաքն խոսել Է նախօրյակին Դոհայում (Կատար) կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և «Թալիբանի պատվիրակության մասնակցությամբ՝ մոլլա Ղանիի գլխավորությամբ: Նրանք քննարկել են 2020 թվականի Դոհայի համաձայնագրի կատարումը, Աֆղեանստանի ներկայիս իրավիճակը և շարունակվող միջաֆղանական բանակցությունները:










