«Այս պահի դրությամբ կողմնակի ազդեցության վերաբերյալ որևէ ապացույց չկա». ԱՀԿ-ն հորդորում է չդադարեցնել AstraZaneca-ով պատվաստումները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել երկրներին չդադարեցնել AstraZaneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով բնակչությանը պատվաստելու արշավը՝ չնայած նրան, որ որոշ երկրների իշխանությունների մոտ մտահոգություններ են առաջացել դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների առնչությամբ, գրում է Reuters-ը:
Կազմակերպությունը նշել է, որ ներկայում խորհրդատվական հանձնաժողովը վերանայում է կողմնակի ազդեցության հետ կապված զեկույցները, ըստ որոնց՝ պատվաստանյութի հետևանքով որոշ հիվանդների մոտ մահ է գրանցվել կամ թրոմբ առաջացել:
Այնուամենայնիվ, կազմակերպությունից հայտնել են՝ դժվար, թե փոխեն անցյալ ամիս արված առաջարկությունները:
«Այս պահի դրությամբ չկա որևէ ապացույց, որ ներկայացված միջադեպերը պայմանավորված են պատվաստանյութով: Կարևոր է, որ պատվաստումների արշավները շարունակվեն, որպեսզի մենք կարողանանք կյանքեր փրկել»,- ասել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ավստրիայի իշխանությունները որոշում էին կայացրել կասեցնել AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը որպես նախազգուշական միջոց պատվաստում ստանալուց հետո մի կնոջ մահվան և մեկ այլ անձի մոտ թրոմբի զարգացման պատճառով:
Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան հետևել են Ավստրիայի օրինակին: Դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են նաև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան, Նիդեռլանդները և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:










