Չեմ ծանոթացել Աննա Վարդապետյանին առնչվող նյութերին, քանի որ լրացուցիչ ժամանակ չունեմ. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

12:00 • 16.03.21

Սոցիալական ցանցերում բազմաթիվ են տեսանյութեր, որոնք շատ դժվար է տարբերել իրական են, թե կեղծ, այդ իսկ պատճառով ես ժամանակ չեմ ծախսել, որ ծանոթանամ Աննա Վարդապետյանին առնչող նյութերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Չեմ ծանոթացել Աննա Վարդապետյանին առնչվող նյութին, քանի որ համացանցում այնքան նյութեր կան, և ապատեղեկատվության շրջանակը այնքան լայն է, որ դժվար է իրական և կեղծ լուրերը տարբերակել, իսկ ես լրացուցիչ ժամանակ չեմ ծախսում նման նյութերին ծանոթանալու համար, այդ հարցի շրջանակում ես ժամանակ չեմ ծախսել»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նա նաև նշեց՝ հստակ մարմինները զբաղվում են այդ գործով և իր լիազորությունների կամ պարտականությունների շրջանակում չէ այդ հարցը, իսկ իրավական գործողությունների ավարտին նա կմեկնաբանի իրավիճակը:

«Համապատասխան մարմինները այդ հարցին անդրադարձել են, իսկ ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Բոլոր նյութերը, որոնք վերաբերում են Արդարադատության նախարարությանը, ուղարկում են իմ ծանոթացմանը: Ես կտամ քաղաքական գնահատական, եթե տվյալ հարցի շրջանակում լինեն հստակ փաստարկներ, ես տեղյակ չեմ՝ ինչ իրավական պրոցես է կատարվում, և դրա ավարտից հետո ես կմեկնաբանեմ իրավիճակը»,-նշեց նա:

Արդարադատության նախարարը նաև նշեց, որ գործող իշխանության օրոք որևէ միջամտություն չի եղել դատական պրոցեսին, այդ ամենը եղել է 2018 թվականից առաջ:

«Ես կարծում եմ՝ ժամանակին հեռախոսային արդարադատությունը, որը իրականացվել է տարիներ շարունակ, վերացված է և այս կոնտեքստում մեր իշխանությանը փորձում են թիրախավորել, բայց դա եղել է մինչև հեղափոխությունը, մեր օրոք համապատասխան պատասխանատուները մեղադրանքների շրջանակում պարզաբանում ներկայացրել են»,- ասաց Ռուստամ Բադասյանը: