Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր 4-րդ անգամ կփոխվի առողջապահության նախարարը
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ առողջապահության նոր նախարարի է նշանակում, որը չորրորդն է կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Մարսելո Կեյրոգան, որը մասնագիտությամբ սրտաբան է, նախարարի պաշտոնում կփոխարինի գեներալ Էդուարդո Պասուելյոյին, որը բանակի սպա է և ոչ մի բժշկական վերապատրաստում չի անցել:
Նախագահն այս որոշումը կայացրել է, երբ հարավամերիկյան երկրում «Քովիդ-19»-ից մահացության ցուցանիշը մոտեցել է 280 000-ի, որը երկրորդ խոշորագույն տվյալն է ողջ աշխարհում: Այս առումով Բրազիլիան զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 540 հազարը:
Բոլսոնարուին բազմիցս քննադատել են համավարակի դեմ պայքարի հարցում: Վերջինիս խոսքով՝ նախարարի փոփոխությունը մեկ կամ երկու շաբաթ կտևի:
Ավելի վաղ առողջապահության գործող նախարար, գեներալ Պասուելյոն հայտարարել էր, որ երկրի ղեկավարը մտադիր է փոխարինել իրեն՝ նախարարությունում «վերակազմավորում» անելու նպատակով:
Օրեր առաջ Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ մեկօրյա ցուցանիշը, երբ ավելի քան 2000 դեպք էր գրանցվել: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11.5 մլն-ը: Այս ցուցանիշով Բրազիլիան նույնպես հայտնվել է երկրորդ տեղում՝ շրջանցելով Հնդկաստանին և զիջելով ԱՄՆ-ին:










