ՀՀ-ում տնտեսական աճը 2021-ի ընթացքում 2-ի փոխարեն 1,4 տոկոս կկազմի․ արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակի նվազումներ․ ԿԲ նախագահ (տեսանյութ)
Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը․ եթե նախկինում, մեր գնահատականների համաձայն, ՀՀ-ում տնտեսական աճը 2021-ի ընթացքում պետք է լիներ 2 տոկոս, այժմ այն կկազմի 1,4 տոկոս։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Դա հիմնականում պայմանավորված է 4-րդ եռամսյակում ու այս տարվա առաջին եռամսյակով տնտեսական որոշակի ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով։ Մասնավորապես՝ արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակի նվազումներ»,-նշեց նա։
Անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունած օրինագծին, որով բանկերին հնարավորություն տրվեց ներել պատերազմում զոհվածների, վիրավորվածների վարկերը, Գալստյանն ասաց․ «Ընդունված օրինագիծը վերաբերում է այն դրվագին, որ եթե բանկերի կողմից ներվում են կամ ինչ-որ կերպով ընդառաջվում են մեր հայրենակիցների վարկերի մարումները, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են։ Այսինքն՝ բանկի կողմից հարկերը չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են, սակայն դա չի նշանակում, որ բանկն ամբողջությամբ կոմպենսացվում է իր կողմից ներված գումարի համար։ Այսինքն՝ շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկը, բայց ներելու ամբողջ բեռը մնում է բանկի վրա»,-ասաց նա՝ նշելով նաև, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կա՛մ վերանայել են, կա՛մ ներել։
«Մասնավորապես, շատ մեծ քանակի ներվել են զոհվածների ու նրանց հարազատների վարկերը, եթե չեմ սխալվում՝ մոտ 2 մլրդ դրամի չափով։ Մեր գնահատակններով՝ այդ պրոցեսները դեռևս շարունակվելու են, ու մոտավորապես 3 մլրդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանքիներին»,-ասաց նա։
Մարիամ Սարգսյան










