Ատլանտա քաղաքի մոտակայքում մերսման տարբեր սրահների վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. կասկածյալը ձերբակալվել է (լուսանկարներ)
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի Չերոկի շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է մերսման սրահում հրաձգության համար կասկածվող անձի ձերբակալության մասին, հաղորդում է ABC News-ը։
«Հրաձգության համար կասկածվող անձը կալանքի տակ է»,- ասված է հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ կասկածյալը 21-ամյա Ռոբերտ Աարոն Լոնգն է՝ Չերոկի շրջանի Վուդստոկ քաղաքի բնակիչը, որը հանցագործության վայրից փորձել է փախչել ավտոմեքենայով:
Միջադեպից մի քանի ժամ անց իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրան։
Նշենք, որ նախօրեին Ատլանտա քաղաքի տարբեր շրջաններում մերսման սրահների վրա հարձակումների էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի․ կան վիրավորներ։ Առաջին դեպքը տեղի է ունեցել Չերոկի շրջանում․ շատ չանցած կրակոցներ են հնչել ոչ հեռու գտնվող երկու այլ մերսման սրահներում։
Ոստիկանության հաղորդմամբ՝ դեռևս հայտնի չէ՝ արդյոք կասկածյալը Չերոկի շրջանում տեղի ունեցած հարձակումից բացի մեղավոր է նաև մյուս երկու մերսման սրահներում կրակահերթի համար, թե ոչ։
«Այս պահին դեռ շատ վաղ է դա հաստատելը, բայց մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունը»,- ասված է Ատլանտայի ոստիկանության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ մերսման բոլոր սրահներում աշխատակիցների մեծ մասը ասիացիներ են եղել, ոստիկանները դեռ չեն հստակեցրել՝ սպանություններն այդ հանգամանքի հետ կապ ունե՞ն, թե ոչ։












