Մեծ Բրիտանիան 40%-ով կմեծացնի իր միջուկային ներուժը  

13:34 • 17.03.21

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կմեծացնեն երկրի միջուկային ներուժը՝ մարտագլխիկների ընդհանուր քանակը հասցնելով 260-ի: Ինչպես փոխանցում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածին առնչվող հարցերի մասին ակնարկում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ բրիտանական կառավարությունը նման քայլի է գնում մի շարք երկրների կողմից «տեխնոլոգիական և տեսական սպառնալիքների» թվի ավելացմամբ պայամանվորված, ինչը ստիպում է Լոնդոնին նման մարտահրավերներին արձագանքել իր պաշտպանունակության ամրապնդմամբ:

«2010 թվականին կառավարությունը հայտարարել էր 2020-ականներին միջուկային մարտագլխիկների ընդհանուր քանակը՝ 225-ից 180-ի մակարդակի նվազեցնելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, փոփոխվող իրավիճակի պայմաններում՝ անվտանգության համատեքստում նման քաղաքականությունն այլևս անհնար է: Մեծ Բրիտանիան մարտագլխիկների քանակը կհասցնի ավելի քան 260-ի մակարդակի»,- ասվում է ակնարկում:

Նշվում է նաև, որ բազմաթիվ երկրներ այսօր զգալիորեն մեծացնում և դիվերսիֆիկացնում են իրենց միջուկային զինանոցը՝ ներդրումներ անելով նորագույն միջուկային տեխնոլոգիաների և նոր միջուկային համակարգերի զարգացման գործում: