Հյուսիսային Հոլիվուդում վրաերթի հետևանքով զոհվել է Լոս Անջելեսի հայ համայնքի ակտիվիստ Էդգար Քոչարյանը (լուսանկար, տեսանյութ)
Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանի հյուսիսում գտնվող խանութներից մեկի դիմաց տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է Լոս Անջելեսի հայ համայնքի ակտիվիստ, հայազգի Էդգար Քոչարյանը, գրում է ktla.com-ը:
Մարտի 13-ին, տեղի ժամանակով 18:30-ին, 39-ամյա Քոչարյանին խանութից դուրս գալիս վրաերթի է ենթարկել թույլատրելի արագությունը գերազանցած մեքենան, որի ղեկին է եղել 17-ամյա Բրիանա Ուոլֆը: Վերջինս ևս մահացել է ստացած ծայրահեղ ծանր վնասվածքների պատճառով:
Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Բրայան Ուենդլինգի խոսքով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել մերձակա ավտոկայանատեղիում կայանված 2 մեքենայի, որի ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք՝ Քոչարյանի ընտանիքին աջակցելու համար նրա ընկերներից Դավիթ Ալիմյանը Gofund.me-ում բացել է հանգանակությունների համար նախատեսված էջ, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Էդգար Քոչարյանի կնոջը և 3 երեխաներին:











