Չինաստանն իր սահմանները կբացի միայն այն զբոսաշրջիկների համար, որոնք ստացել են Covid-19-ի դեմ չինական պատվաստանյութը

17:32 • 17.03.21

Չինաստանը վերսկսում է մուտքի արտոնագրի տրամադրումը տասնյակ երկրների օտարերկրացիներին, բայց միայն այն դեպքում, եթե նրանք պատվաստվել են Covid-19-ի դեմ չինական արտադրության պատվաստանյութերով, գրում է The Guardian-ը, նշելով՝ այս քայլը շատ հարցեր է առաջացրել պահանջի դրդապատճառների առնչությամբ, հաշվի առնելով այն, որ չինական պատվաստանյութերը չեն հաստատվում շատ երկրներում:

Նշենք՝ այս պահին Չինաստանն իր սահմանը թույլատրում է հատել այն մարդկանց, որոնք ժամանում են Հոնկոնգից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իրաքից, Թաիլանդից, Խորվաթիայից, Իսրայելից, Պակիստանից և Ֆիլիպիններից: 

Նոր որոշման մասով աշխարհի 20 երկրում տեղակայված չինական դեսպանատները հայտարարություններ են տարածել: ԱՄՆ-ում երկրի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, օրինակ, ասվում է, որ Չինաստանն այսուհետ թույլ կտա «օտարերկրյա քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը երկիր`տարբեր ոլորտներում աշխատանքները վերսկսելու համար»:

Բացի այդ, երկիր կկարողանան այցելել այն անձինք, որոնք ցանկանում են մասնակցել ընտանեկան արարողությունների, այդ թվում՝ թաղումների, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն խնամել իրենց ծեր կամ հիվանդ հարազատներին: Առանց որևէ արգելքի Չինաստան կկարողանան այցելել նաև այն անձինք, որոնք երկիր են ժամանել մարդասիրական նպատակներով: 

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի ընթացքում Պեկինը պաշտոնապես արգելել էր ոչ հիմնական ճանապարհորդությունները Չինաստան: Այնուամենայնիվ, ինչպես նշում է The Guardian-ը, զբոսաշրջության վերսկսումը երկրի տնտեսության վերականգման կարևորագույն գործոններից մեկն է, որն էլ, ամենայն հավանականությամբ, ստիպել է Չինաստանի իշխանություններին նման որոշում կայացնել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, չինական SinoVac պատվաստանյութի մշակումը երկրում սկսվել էր 2020-ի հունվարին անմիջապես այն բանից հետո, երբ Ուհանում պաշտոնապես հաստատել էին անհայտ ծագման թոքաբորբի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը: Պատվաստանյութով նախատեսվում է երկու ներարկում՝ 2-4 շաբաթ ընդմիջումով, այն հակացուցված է 18 տարին չլրացած անձանց: