Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը մեկ շաբաթում աճել է 10%-ով. ԱՀԿ
Անցյալ շաբաթ կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 մլն դեպք է գրանցվել ողջ աշխարհում, հիվանդացության մակարդակն աճել է 10 տոկոսով՝ նախորդ շաբաթվա համեմատ: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենաշաբթյա տեղեկագրում:
«Աշխարհում հիվանդացության դեպքերը գնալով շատանում են: Անցյալ շաբաթ աճը կազմել է 10%, իսկ վարակվածների թիվը մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3 033 213, իսկ մահացածներինը՝ 5 698»,- ասվում է ԱՀԿ համաճարակաբանական տեղեկագրում:
Ըստ միջազգային կազմակերպության՝ մարտի 14-ի դրությամբ ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը կազմել է 119 212 530 մարդ, իսկ վիրուսից մահացածներինը՝ 2 642 612:
Անցյալ շաբաթվա ընթացքում հիվանդության մակարդակի զգալի աճ է տեղի ունեցել Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում (19%-ով) և Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (19%-ով), ապա Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում (14%-ով), ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (13%-ով):
Հյուսիսային և Հարավային Ամերիկայում 7 օրում վարակվել է ավելի քան 1.2 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 30 հազարը: Ընդհանուր առմամբ, վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում:










