Իսլանդիան բացում է սահմանները հակակորոնավիրուսային պատվաստում ստացած բոլոր զբոսաշրջիկների համար
Իսլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել երկիր թույլատրել բոլոր այն զբոսաշրջիկների մուտքը, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Եվրամիությունում արտոնագրված դեղամիջոցով:
Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, շեշտելով՝ թույլտվությունը գործում է ոչ միայն ԵՄ քաղաքացիների, այլև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից զբոսաշրջիկների համար, գրում է icelandreview.com-ը:
Ըստ հայտարարության, Իսլանդիա մուտք գործելիս այն օտարերկրացիները, որոնք ստացել են հակակորոնավիրուսային պատվաստանյութի երկու չափաբաժին, այլևս պարտավոր չեն լինի 14 օր մեկուսանալ և թեստ հանձնել:
«Վերջին 12 ամիսների ընթացքում աշխարհը շատ բաների միջով է անցել, և մենք բոլորս հույս ունենք դանդաղ և անվտանգ վերադառնալ բնականոն հունին: Սա նաև ներառում է ճանապարհորդությունը վերսկսելու հնարավորությունը, որը մեծ նշանակություն ունի մշակույթի, առևտրի և ձեռներեցության համար»,- մանրամասնել է Իսլանդիայի վարչապետ Քեթրին Յակոբսդոտիրը:
Վերջին տվյալների համաձայն, ավելի քան 360 000 բնակչություն ունեցող Իսլանդիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6087 դեպք, որի հետևանքով մահացել է 29 մարդ:
Հիշեցնենք՝ Իսլանդիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացածության նվազագույն մակարդակը, չնայած այն հանգամանքին, որ երկրում երբեք ամբողջական կարանտին չի մտցվել:










