Համոզված եմ` այսօրվա իշխանության զգալի մասը նախանձով է նայում Հովհաննես Ազոյանին. իրենք ավելի շատ են ուզում դա ասել, բայց պաշտոնը թույլ չի տալիս. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)
Ինձ համար արդեն պարզ է, թե ինչ են անում իշխանությունները: Ամեն օր նոր հիասթափություններ ես ապրում, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է թողնել իրավիճակն այնպես, որ կարողանան մեզ վերացնել: Մենք շատ խորքային ճգնաժամ ենք ապրում և թե ինչպես ենք սրա տակից դուրս գալու, ես չեմ պատկերացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մուլտիպրիկատոր, ՀՀ մշակույթի վաստակ ավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:
Սահակյանը նշեց՝ այս իրավիճակում ընդդիմությունը շատ մեծ գործ ունի անելու: «Մենք իրականում ժամանակ չունենք, ամեն անգամ ցույցերի գնալով՝ հասկանում եմ, որ ավելի ու ավելի մոտենում ենք համախմբման: Պետք է իրականում համախմբվել, իսկապես հայրենիքը փրկելու գաղափար ունենալ, ոչ թե փորձել հետո խորհրդարանում ավելի շատ տեղ ունենալ, ոչ թե բերել այն մարդուն, որը քեզ հետո կօգնի թաղապետ, քաղաքապետ լինել: Ես ակնկալիք չունեմ որևէ մեկից, ես գնում եմ հավաքներին, որ թշնամին կանգ առնի, որն այսօր մտնում է Սյունիք և կանգնած է սահմաններին»:
Մուլտիպլիկատորը նշեց, որ չի հասկանում մոլորյալներին, հատկապես՝ պատերազմից հետո: Հարցին, թե ինչու արվեստագետները չեն բարձրաձայնում իրենց կարծիքը, Սահակյանը պատասխանեց. «Միգուցե նրանք համաձայն են Հովհաննես Ազոյանի հետ, ես չգիտեմ, գուցե նրանք վախենում են դա ասել, բայց Հովիկը չվախեցավ, կանգնեց ու ասաց: Համոզված եմ, որ այսօրվա իշխանության զգալի մասը նախանձով է նայում Հովհաննես Ազոյանին, որ նա դա գրել է, իրենք ավելի շատ են ուզում դա ասել, բայց պաշտոնը թույլ չի տալիս»:
Վերջինս նշեց, որ եղել են նման հայտարարություններ իշխանության կողմից, բայց համեմատած ավելի զուսպ, ինչպես օրինակ՝ Շուշին երբեք էլ մերը չի եղել: «Ազգային գաղափարախոսությունը պետք է շատ ավելի մեծ լիներ, որ ոչ մի նիկոլանման երևույթ չկարողանար դա քանդել, որ մերժեն հենց Գյումրիից: Իմ ուղեղում դեռ չի տեղավորվում, թե նման երևույթն ինչպես կարող էր իշխանության գալ, պատերազմից հետո էլ ոնց կարելի է այդ մարդուն ընդունել, ներել, ասել՝ լավ, ոչինչ»:
Նա նշեց՝ ցավալի է, որ մարդիկ կան, որոնք չեն ուզում իրենց սխալն ընդունել: Սահակյանցը նշեց, որ ժողովրդի հետ պետք է ազնիվ լինել, քանի որ ամեն օր մոտենում է մեր երկրի կորստի օրը: Վերջինս դիմելով ընդդիմությանը՝ շեշտեց, որ երկիրը փրկելու համար մի քանի կարևոր քայլեր կան և օրհասական է երկրի փրկությունը, ոչ թե իշխանության գալը:










