Այս իշխանությունը ուզուրպացրել է դատական համակարգը, որպեսզի կարողանա երկար պահել իր իշխանությունը. Միհրան Պողոսյան (տեսանյութ)

14:19 • 17.03.21

 

Փորձում են տոտալ կերպով վերահսկել դատական համակարգը, բայց շատ դատավորներ հրաժարվում են քաղաքական պատվերներ կատարել: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Աննա Վարդապետյանը Նիկոլի՝ իրավական հարցերով անօրինականությունների հրամանատարն է: 2018 թվականի իշխանափոխությունից հետո ակնհայտ էր, որ իշխանությունը զավթելուց հետո, պետք էր այդ իշխանությունը պահել, իսկ երկարատև արդյունքի համար պետք է դատական համակարգը ուզուրպացվեր, բայց դատարանները հրաժարվում են քաղաքական պատվերներ կատարել,»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նա նաև նշեց՝ Աննա Վարդապետյանը գործել է որպես վստահված անձ, բայց նրա բացակայության դեպքում ևս գործընթացներ կատարվելու էին:

«Իրավապահ համակարգում կան բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ դատախազներ, և իշխանությունը չի կարող հույսը դնել անհատապես գործող ինչ-որ քննիչի որոշումների վրա: Այդ ամենը պետք է համակարգված լինի, Աննա Վարդապետյանը գործել է՝ որպես վստահված անձ, բայց եթե նա չլիներ, այնպես չէ, որ այդ համակարգը չէր ձևավորվելու ու գործողություններ չէին լինելու»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով վերջին 3 տարիների ընթացքում օրենքները և իրավական համակարգը գտնվում են վատթարագույն կարգավիճակում, շատ գործեր և որոշումներ ուղղորդվում են, կան նաև վկաներ, որոնք փաստում են այդ գործընթացների մասին:

«Ես պնդում եմ՝ դատական նիստերի նոր մարտավարությունները, որոշումների կայացումը որևէ քննիչի մակարդակի գործողություն չէ, դա մի կենտրոնից է ուղղորդվում: Վերջին 3 տարիների ընթացքում չկա ավելի բռնաբարված բան, քան օրենքն է և օրինականությունը, իսկ դեպքերը բազմաթիվ են՝ հայտնի ֆեյքերի գործով մենք ունեցանք դատավորների կողմից հրահանգավորված  որոշումներ կայացնելու հրաման, անձ կար, որ տեսել է Երևան քաղաքի դատարանի նախագահին հեռախոսով այլ անձին հրահանգեր տալուց»,- մեկնաբանեց փաստաբանը:

Միհրան Պողոսյանը նաև մեկնաբանեց Թագուհի Թովմասյանի երեկվա ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի՝ Ինտերպոլը Գևորգ Կոստանյանի գործը համարում է քաղաքական հետապնդում և մերժել է հետախուզել այդ գործը դեռևս 2020 թվականի ապրիլին:

«Անձինք, ովքեր քաղաքական հետապնդում են իրականացվում պետք է ենթարկվեն քրեական հետապնդման, իրենց գործողությունների համար»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը նաև մեկնաբանեց Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի դատական գործը:

«Իրենք կարողանում են միայն իրենց ոչ ձեռնտու որոշումներ կայացրած դատավորի նկատմամբ անհիմն քրեական գործեր հարուցել, որպեսզի այդ քերական գործերը դատավորներից խլեն: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյան և Յուրի Խաչատուրովի վերաբերլյալ քրեական գործն էր, երբ դատավորը որոշում կայացրեց նախագահին ազատ արձակել, բայց մի ամիս հետո գործը խլելու օպերացիայի  շրջանակներում անհիմն քրեական գործ հարուցեցին»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նա երկրում առկա ռազմական դրությունը համարեց անհիմն: «Երբ իսկապես լինի իրավիճակ, որ կարիք լինի ռազմական դրություն հայտարարելու, ոչ-ոք իր վարքագիծը չի փոխելու, մարդիկ մտածելու են՝ 8 ամիս ռազմական դրություն է եղել, ռազմական դրության ինստիտուտը արժեզրկված է»,- մեկնաբանեց փաստաբանը: