Թուրքիան վախենում է, որ Բայդենն ապրիլի 24-ին կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. Yetkin Report

19:24 • 17.03.21

ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպան Մուրաթ Մերքանը իր պարտականությունները սկսել է կատարել այս շաբաթ՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքից Անկարայի համար ոչ լավ լուրերի ֆոնին. վերջին օրերին Թուրքիայի իշխանությունների համար մեկը մյուսի հետևից տեղի են ունենում բացասական իրադարձություններ: Այս մասին Yetkin Report տեղեկատվական-վերլուծական պորտալում գրում է թուրք լրագրող Բարչըն Յինանչը:

ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը մարտի 5-ին նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ հորդորելով Ջո Բայդենի վարչակազմին պարզաբանել, որ արտերկրի անվտանգության ծառայությունները չպետք է օգտվեն անձեռնմխելիությունից, քանի որ բողոքողներն օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Այսպիսով, նրանք արձագանքել են ԱՄՆ-ում շարունակվող հետաքննությանը Վաշինգտոնում 4 տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների, այդ թվում`ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների վրա:

Սա Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի երրորդ նամակն է, որն ուղարկել է Բայդենի վարչակազմին` անցյալ ամիս Սենատի, ապա` Ներկայացուցիչների պալատի 2 նամակներից հետո, որով Սպիտակ տանը կոչ է արվում առաջնահերթ ուշադրություն ընձեռել Թուրքիայում մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիրներին:

Կարծես չորրորդ նամակն արդեն պատրաստ է, քանի որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը սկսել է ստորագրություններ հավաքել Կոնգրեսի վերին պալատում երկկուսակցական նամակի հիմքով, որով նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ին ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, նշում է Բարչըն Յինանչը:

Դեսպան Մուրաթ Մերքանը, որը գլխավորում էր Թուրքիայի պատվիրակությունը Վաշինգտոնում  2010 թվականի մարտին, երբ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է իմանա, որ Անկարայի համար այս տարվա ապրիլի 24-ը կարող է լինել ամենավատ օրը:

«Թուրքիան այլևս չի կարող հույս դնել իր «աշխարհառազմավարական նշանակության» վրա, իսկ ԱՄՆ-ի զինված ուժերը հանդես չեն գա նրա օգտին, ինչպես նախկինում: Իսրայելի հետ հարաբերությունները դեռ սպասում են կարգավորման, և առավելագույնը, ինչ Թուրքիան կարող է ակնկալել հրեական լոբբիից (ԱՄՆ Կոնգրեսում) չեզոքությունն է: Բայց նույնիսկ դա շատ քիչ հավանական է, եթե մինչև ապրիլի 24-ը չլինի հստակ տեսանելի քայլ դեպի իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորում»,- նշում է հոդվածագիրը:

Նրա խոսքով` «սակայն կա ևս մեկ «կարգավորման գործընթաց», որը կարող է խանգարել Բայդենին կատարել իր նախընտրական խոստումը (Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ)` այն, ինչը կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Հայաստանի միջև»:

Իրատեսական չի լինի ակնկալել իրադարձությունների որևէ հստակ զարգացում այս ուղղությամբ մինչև ապրիլի վերջ: Բայց եթե Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կուլիսային դիվանագիտությունը սկսվի մինչ այդ ամսաթիվը, դա կարող է ստիպել Բայդենին երկու անգամ մտածել նախքան ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն հնչեցնելը, եզրափակում է Յինանչը: