Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, վնասվել է լրագրողի ձեռքը, կոտրվել համակարգիչը, հեռախոսը

16:32 • 18.03.21

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա: Այս մասին Ֆահրադյանը պատմել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:

Փայլակ Ֆահրադյանը նաև նշեց՝ մինչև հարձակվելը Հակոբ Արշակյանը նրան սպառնացել է:

«Արշակյանը պատասխանեց՝ գիշերային ժամին է աշխատում այդ խոսքերի տեսանյութը ինձ մոտ կա, բայց նա խնդրեց, որ անջատեմ տեսախցիկը, իսկ վերջինս սկսեց ասել՝ կհիշեմ այս օրը և սկսեց ինձ սպառնալ»,- նշեց Փայլակ Ֆահրադյանը:

Փայլակ Ֆահրադյանը ցույց տվեց, որ հարձակման արդյունքում նրա ձեռքն է վնասվել, նաև բջջային հեռախոսը, իսկ համակարգիչը կոտրվել է:

«Ես բարձրացա վերև և շարունակեցի իմ աշխատանքը, որից հետո Հակոբ Արշակյանը բարձրացավ և հարձակվեց ինձ վրա»,- ասաց նա:

Լրագրողը նաև հայտնեց՝ ողջ ընթացքը տեսանկարահանվել է սրճարանի տեսակցիկներով և ինքը պատրաստվում է հաղորդում ներկայացնել ոստիկանություն:

«Սրճարանում կա տեղադրված տեսախցիկներ, ես բնականաբար պահանջելու եմ սրճարանից այդ տեսագրությունը: Ես ոստիկանությանը կներկայացնեմ հաղորդում, իսկ այս ընթացքում սրճարանի ղեկավարությունը տեսախցիկների նկարահանումը կտրամադրի ինձ»,- ասաց նա: