Չեչնիայում ոստիկանական գնդի ծառայողները, զենքը ձեռքներին, դիմել են Պուտինին՝ կոչ անելով «վերահսկել «Նովայա Գազետա»-ի գործողությունները» (տեսանյութ)

13:53 • 18.03.21

Ահմադ Կադիրովի անվան ոստիկանական գնդի ծառայողները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են «վերահսկել» «Նովայա Գազետա»-ի գործողությունները: Չեչնիայում արտադատական մահապատիժների մասին թերթի հրապարակած նյութերից հետո ոստիկանության գնդի ծառայողները ՌԴ նախագահին ուղերձ են հղել տեսանյութով, որտեղ կանգնած են համազգեստով, ինքնաձիգներով, նռնականետերով՝ ռազմական տեխնիկայի ֆոնին։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարգելի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրի Պուտին, մենք դիմում ենք Ձեզ՝ խնդրելով վերահսկել կեղծ պարբերականի՝ «Նովայա Գազետա»-ի՝ մեր մարտիկների հասցեին ուղղված նողկալի հարձակումները։ Մենք պատրաստ ենք կատարել ձեր ցանկացած հրաման»,-ասված է Instagram-ում հրապարակված գնդի ուղերձում։

Կադիրովի անվան գունդն իր ուղերձում «Նովայա Գազետա»-ին և թերթի հատուկ թղթակից Ելենա Միլաշինային օտարերկրյա գործակալներ է անվանել։

«Միջազգային ահաբեկիչները պատերազմ են սանձազերծել մեր տարածաշրջանում։ «Նովայա գազետա»-ն և նրա աշխատակիցները նրանցից ոչնչով չեն տարբերվում»,- ասված է ուղերձում։

Մարտի 15-ին «Նովայա Գազետա» թերթը հրապարակել էր գնդի նախկին աշխատակից Սուլեյման Գեզմահամաևի հետ հարցազրույցը, որում վերջինս հայտարարել է, որ արտադատական հաշվեհարդարների մասնակից է եղել: Դրանից հետո «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը հայտնել է, որ Գեզմահամաևի հարազատներին տեղափոխել են ոստիկանություն՝ Կադիրովի գնդի նախկին աշխատակցից ապաշխարությամբ նամակ ստանալու պահանջով։

Ավելի վաղ թերթի հրապարակման կապակցությամբ Վլադիմիր Պուտինին էր դիմել Չեչնիայի Հանրային պալատը: Չեչնիայի տեղեկատվության և մամուլի նախարար Ահմեդ Դուդաևը «Նովայա գազետա»-ի հոդվածը զրպարտություն էր անվանել: