Իսպանիայում ընդունել են էֆթանազիայի մասին օրենքը
Իսպանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել էֆթանազիայի մասին օրենքը: Ինչպես փոխանցում է CNN-ը, օրինագիծն ընդունվել է 202 կողմ, 141 դեմ ձայնով:
Այսպիսով, Իսպանիան դառնում է Եվրամիության 4-րդ երկիրը, որը թույլատրում է էֆթանազիան: «Այսօր խորհրդարանի մեծամասնությունը աջակցեց այն մարդկանց, որոնք հիվանդ են և տարիներով սպասում էին այս իրավունքին»,- ասել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Մարիա Լուիսա Կարսեդոն:
Վերջինս հիշատակել է անդամալույծ իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոյի օրինակը, որը տեսագրել էր իր ինքնասպանությունը 1998 թվականին և որի պատմությունը 2004 թվականին ներկայացվել էր «Ծովը ներսում» օսկարակիր ֆիլմում:
Իսպանիայում ընդունված օրենքը թույլատրում է մարդկանց, ովքեր «լուրջ, քրոնիկ հիվանդություն ունեն՝ առանց ապաքինվելու որևէ հնարավորության և որն ուղեկցվում է անտանելի տառապանքներով, օգնություն խնդրել բժշկից՝ վերջ տալու իրենց կյանքին»:
Մյուս եվրոպական երկրները, որտեղ թույլատրվում է էֆթանազիան, Բելգիան, Լյուքսեմբուրգն ու Նիդերլանդներն են:










