Covid-19-ի դեմ պատվաստումն արդեն աշխարհաքաղաքական հակամարտություն է. Ավստրիայի կանցլեր

04:30 • 18.03.21

Բնակչության պատվաստումը նոր կորոնավիրուսի դեմ վերածվել է աշխարհաքաղաքական հակամարտության, որում Եվրամիությունը հայտնվել է աշխարհի այլ մասերի հետ անմրցունակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, գրում է ТАСС-ը:

Կուրցը, մասնավորապես, նշել է այն փաստը, որ, օրինակ, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգներն ավելի արագ են պատվաստանյութեր ստանում և բնակչությանը պատվաստում կորոնավիրուսի դեմ, քան ԵՄ անդամ երկրները:

«Եթե Եվրոպան այժմ չկարողանա ապահովել, որ գոնե Եվրամիության երկրները նույնքան արագ լինեն [պատվաստումներում], ապա դա էլ ավելի խնդրահարույց կլինի: Պատվաստումն արդեն աշխարհաքաղաքական հակամարտություն է… եթե հիմա Եվրամիության տարածքում վիճաբանություն և լարվածություն սկսվի այն պատճառով, որ Բուլղարիայում մարդիկ պատվաստանյութ չեն ստանում, իսկ Մալթայում նրանք պատվաստվելու են մինչև մայիս, ապա սա մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը», - ասել է Կուրցը Krone.TV հեռուստաալիքի թոք շոուի եթերում: