Անկախ պատճառներից՝ լրագրողների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է. Մանե Գևորգյան. News.am
Հարցը իրավապահների տիրույթում է այժմ, զերծ կմնամ այլ մեկնաբանություն տալուց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 18–ին սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։
«Ցավում եմ միջադեպի համար: Լրագրողների նկատմամբ բռնությունն անկախ պատճառներից անթույլատրելի է»,– ասաց Գեւորգյանը։
Իր հերթին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես զերծ մնաց գնահատական տալուց՝ ասելով, որ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ եւ չի զրուցել Հակոբ Արշակյանի հետ։
«Ես չեմ տեսել, թե հրապարակված տեսանյութից առաջ ինչ է տեղի ունեցել, ինձ դա է հետաքրքրում։ Դա ակնհայտորեն ամբողջական պատկերը չէ։ Մինչեւ չտեսնեմ ամբողջական պատկերը, բնականաբար, չեմ կարող ոչ մի գնահատական տալ»,– ասաց Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:
«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:
Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:
Ավելի ուշ Mediaport-ը հրապարակեց տեսանյութը, թե ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, մի քանի անգամ բռունքներով հարվածում նրա դեմքին և վնասում համակարգիչը։










