Ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով՝ Սարգսյանի համար առաջացել են սեփականության տնօրինման և սահմանադրական իրավունքի հետ կապված սահմանափակումներ, ուստի կալանադրված գույքը ենթակա է ազատման. փաստաբան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, և չպատճառաբանված, խախտվել է Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ընթացող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
«Ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով՝ Սերժ Սարգսյանի համար առաջ են եկել մի շարք սահմանափակումներ՝ կապված սեփականության տնօրինման, տիրապետման, օգտագործման և սահմանադրական իրավունքի հետ, ուստի կալանադրված գույքը ենթակա է ազատման»,-նշեց նա:
Փաստաբանն ընդգծեց՝ Քրեական դատավարության օրենսգրքում սահմանված է, որ գույքի վրա կալանք դնելու հիմքերը քրեական վարույթ իրականացող մարմինների կողմից կարող են կիրառվել, միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:
«Տվյալ քրեական գործով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա քննիչը կարող էր կալանք դնել, բացառապես այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգրքում սահմանված քննչական գործողությունների կատարման ճանապարհով հավաքված լիներ նվազագույնը երկու ապացույց, որոնցում առկա լինեին կոնկրետ հանգամանքներ, որոնք բավարար հիմք կտային ենթադրելու, որ Սերժ Սարգսյանը կարող է թաքցնել, փչացնել, կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը, իսկ նման ապացույց գոյություն ունենալ չի կարող, քանի որ Սարգսյանը ոչ իրավաչափ վարքագիծ չի դրսևորել և չի դրսևորելու: Քննիչի և դատախազի որոշումներում չի վկայակոչվել նրանց հետևությունները հիմնավորող որևէ ապացույց, միայն նշվել են պայմաններ՝ մեղադրյալի կարգավիճակ, մեղադրվող արարքի ծանրության աստիճան և պատժաչափ»,- մանրամասնեց նա:
Հակոբյանը նշեց, որ քննիչը օրեր շարունակ մերժել է պաշտպանական կողմին տրամադրել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման օրինակը, չնայած այն հանգամանքին, որ ստացել է այդ մասին երկու գրավոր միջնորդություն. «Մամուլը Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին ավելի շուտ է իրազեկվել, քան պաշտպանության կողմը, քննիչը գույքի վրա կալանք դնելու որոշման օրինակը պաշտպանական կողմին տրամադրել է 21 օր անց»:
Փաստաբանների կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի վաղը՝ ժամը 13:00-ին:
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 15-ին:










