Միջերկրական ծովում հարվածի թիրախում հայտնված իրանական նավը խարիսխ է գցել Սիրիայում

15:25 • 18.03.21

Իրանական ԶԼՄ-ները պարզել են, որ անցյալ չորեքշաբթի Միջերկրական ծովի արևելքում հարձակման ենթարկված իրանական նավը խարիսխ է գցել Սիրիայում, հայտնում է almasdarnews.com-ը:

Իրանական Noor News-ը նշել է. «Անցյալ չորեքշաբթի հարձակման ենթարկված իրանական նավը ներկայում գտնվում է Սիրիայի «Բանիաս» նավահանգստում, և նավի վերանորոգման աշխատանքներից հետո ուղղվելու է դեպի Իսպանիա»:

Նավապետը գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ մինչև միջադեպը նավի GPS սարքավորումը 15 րոպեով անջատված է եղել, իսկ միջադեպի պահին նավը նավարկելիս է եղել Միջերկրական ծովում՝ Իսրայելի ափերից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա։ Հարվածի հետևանքով հրդեհվել են բեռները։

Նավապետը նշել է, որ անվտանգության աշխատակիցներն ու տեխնիկական ուժերը նավի վիճակի վերաբերյալ համապարփակ ստուգումներ են անցկացրել, և հայտնի է, որ վնասը վերականգնելու համար կպահանջվի շուրջ 14 օր, որից հետո նավը կուղղվի դեպի Վալենսիայի նավահանգիստ:

Թերթը հիշեցրել է, որ երկուշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելին մեղադրել էր անցյալ չորեքշաբթի իրանական նավին հարվածելու համար:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսի ընթացքում ասել է․«Եթե միջադեպին որևէ կողմի մասնակցությունը հաստատվի պաշտպանվելու համար բոլոր տարբերակները սեղանի վրա են» և հավելել, որ Իսրայելն ապակայունացնում է անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում: