Լիտվայում ոստիկանության մաքրուհին 7 կգ թմրանյութն աղբամանն է թափել՝ այն շփոթելով աղբի հետ
Լիտվայի ոստիկանությունում աննախադեպ սկանդալ է տեղի ունեցել. հետազոտական կենտրոնից անհետացել են թմրանյութերը, որոնք առգրավվել են կասկածյալներից և տեղափոխվել լաբորատորիա հետազոտությունների համար: Ենթադրվում է, որ դա ամֆետամին էր:
Այս տեղեկատվությունը հաստատել են Delfi լրատվականի աղբյուրներն իրավապահ մարմիններում: Հետաքննություն է սկսվել: Լիտվայի քրեական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դարիուս Ժվիրոնասը չի հերքել այս տեղեկությունը, բայց չի ցանկացել որևէ բան մեկնաբանել:
Միևնույն ժամանակ, ոստիկանության բաժանմունքի խոսնակ Ռամունաս Մատոնիսը տեղեկացրել է, որ հետաքննությունը ստանձնել է Լիտվայի գլխավոր դատախազությունը, բայց գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ գործը փոխանցվել է Վիլնյուսի դատախազության կազմակերպված հանցավորության հետաքննության վարչության դատախազներին:
«Թմրանյութերը սխալ տեղում են թողել, մաքրուհին մտածել է, որ դա աղբ է և դեն է նետել. նման տարօրինակ դեպք»,-ասել է Մատոնիսը:
Նրա խոսքերով` ծառայողական պարտականությունները չկատարելու փաստի առթիվ հետաքննություն է ընթանում, քանի որ պատասխանատու պաշտոնյան, ըստ ամենայնի, չի կատարել իր պարտականությունները: Մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել նաև նոր մաքրուհին, որը, ի պաշտպանություն իրեն, ասել է, որ մտածել է, թե դա աղբ է և դեն է նետել այն:
Ոստիկանությունն անհետացումը հայտնաբերել է միայն հաջորդ օրը, բայց թմրանյութերն այլևս չեն հայտնաբերվել: Հայտնի չէ, թե որքան թմրանյութ է ոչնչացվել, բայց աղբյուրը նշել է, որ «խոսքը կիլոգրամների մասին է»: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, աղբաման է նետվել մոտ 7 կգ թմրանյութ, հավանաբար, ամֆետամին, այն վերջերս առգրավվել էր կասկածյալներից: Աղբյուրները մանրամասնում են, որ թմրանյութերը անհետացել են նախորդ շաբաթ:










