Այս պահին մինչև 300 անձի մոտ կորոնավիրուսի կրկնակի դրական թեստի արդյունք կա, բայց հստակ չէ՝ դա կրկնավարա՞կ է, թե վարակը մարդու օրգանիզմից դուրս չէր եկել․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

12:20 • 18.03.21

Այս պահին մենք ունենք մինչև 300 անձի մոտ կորոնավիրուսի կրկնակի դրական թեստի արդյունք, բայց գնահատական տալ՝ դա կրկնավարա՞կ է, թե՞ վարակը մարդու օրգանիզմից դուրս չէր եկել, հստակ չէ, ուսումնասիրություն ենք իրականացնում։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Միջինում ընդունված է, որ թեստից հետո 90 օրում անցած պետք է լինի, որ խոսենք կրկնավարակի մասին»,-նշեց նա։

Նախարարի խոսքով՝ պատվաստումներն արդեն իսկ սկսվել են։ «Մենք իրականացնում  ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ՝ դեռ փոքր քանակներով։ Կորոնավիրուս բուժող մի շարք կենտրոնների բուժաշխատողներ պատվաստվել են։ Այս պահին մեկ տիպի պատվաստանյութով է իրականացվում պատվաստում՝ «Սպուտնիկ-Վ»-ով»,-ասաց նա՝ նշելով նաև, թե այս պահի դրությամբ կորոնավիրուս ունեցող քաղաքացիների սպասարկում է 12 բուժկենտրոն, պարբերաբար ավելացվում է մահճակալների թիվը։

«Համակարգը մոբիլիզացված է, և մենք համընթաց ավելացնում ենք մահճակալների թիվը, բայց դա անվերջ ռեսուրս չէ, և մենք պետք է շատ զգոււյշ լինենք»,-հավելեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է «Աստրազենեկա» պատվաստանյութին և դիտարկմանը, որ ՀՀ-ն ևս պետք է ձեռք բերեր այդ պատվաստանյութից, սակայն  մի շարք երկրներում խնդիրներ են առաջացել, Ավանեսյանն արձագանքեց, որ այս պահին ՀՀ-ում չկա «Աստրազենեկա»։

««Աստրազենակայի» պատվաստումներն ամբողջ աշխարհում ընթանում են, որոշ երկրներում որոշ խմբաքանակներ կասեցվել են, ընթացքը ցույց կտա, հետևում ենք ուսումնասիրություններին»,-ասաց նա։