ՃՏՊ-ների թիվն աճել է, ոստիկանությունը չի վերահսկում. «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ (տեսանյութ)

22:06 • 18.03.21

«Հեղափոխությունից հետո ոստիկանության հսկողությունը անհամեմատ նվազել է, քանի որ մինչև այդ ոստիկանները շահ ունեին, դրա համար խիստ հսկողություն էին իրականացնում, իսկ հիմա այդ շահը չկա, և իրենք այլ գործառույթ են իրականացնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը:

Ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ հուշում են ՀՀ ոստիկանության` Tert.am-ին փոխանցած վիճակագրական տվյալները: 2021 թվականի հունվարին և փետրվարին Հանրապետությունում հաշվառվել է 652 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 56, վիրավորվել` 978 մարդ։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատ 2021-ի նույն ժամանակահատվածում 43 դեպք ավելի է գրանցվել, ինչի հետևանքով՝ 116 հոգի վիրավորվել է, 16 մարդ՝ մահացել: Միայն մարտի առաջին կեսին 50 պատահար է գրանցվել:

Բացի վերահսկողության բացթողումից՝ կա նաև անկարգ ու անպատասխանատու վարորդների գործոնը, ճանապարհների անմխիթար վիճակն ու եղանակային պայմանները, թույլ լուսավարությունը ևս իր սև գործն անում է: Օրինակ՝ Ալիխանյան-Հալաբյան ճանապարհահատվածում, ավելի հայտնի՝ Ֆիզիկայի խաչմերուկում, վարորդները կարող են երեկոյան ժամերին երթևեկության կանոնները խախտել ու անպատիժ մնալ, քանի որ տեսախցիկները չեն կարողանում ֆիքսել խախտումները գիշերային ժամերին:

Անդրադառնալով բալային համակարգի զսպող մեխանիզմին` Տիգրան Քեյանը նշեց, որ վերահսկողության բացակայության պատճառով այդ նորարությունն իրեն չի արդարացնում: Օրինակ՝ 2020-ին 6000-ից ավելի վարորդական վկայական է կասեցվել, բայց վստահ չենք կարող ասել՝ արդյոք տվյալ անձինք պատժի կիրառումից հետո չե՞ն շարունակում մեքենա վարել. «Եթե մեր վիճակագրությանը նայենք, կասենք, որ մեր ազգը ամենաչխմող ազգն է, որովհետև, երբ նայում ես, թե ոստիկանությունը ինչ պարբերականությամբ է հսկողություն իրականացնում ու ինչ քանակի ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների հայտնաբերում, այդ առումով շատ լավ ցուցանիշներ ենք ունենում, բայց իրականում պատկերն այլ է»:

Տիգրան Քեյանը պնդում է՝ միայն կրթության միջոցով է հնարավոր նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, քանի որ պատժիչ մեխանիզմները ժամանակավոր են, իսկ ապագա վարորդները, նախքան ղեկին նստելը, պետք է գիտակցեն՝ ամեն մի խախտման ու անփույթ մոտեցման հետևանքները կարող են անդառնալի լինել:

Մանրամասները` տեսանյութում: