Թյուրքալեզու պետությունների ղեկավարները մարտի 31-ին կհանդիպեն Ղազախստանում

09:49 • 18.03.21

Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստան քաղաքում մարտի 31-ին տեղի կունենա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Դրան մասնակցությունը հաստատել են ընկերակցության անդամ բոլոր երկրների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Ղազախստանի ԱԳՆ-ին:

«Այս տարվա մարտի 31-ին Թուրքեստան քաղաքում տեղի կունենա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողով: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների բոլոր ղեկավարները և Հունգարիայի վարչապետը, որը դիտորդ է այս կազմակերպությունում, հաստատել են իրենց մասնակցությունը ֆորումին»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները Թուրքեստանը կհայտարարեն թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք: Նշենք, որ Թուրքեստանը Ղազախստանի տարածքում գտնվող ամենահին քաղաքներից մեկն է, այն մոտ 1500 տարեկան է:

Թյուրքական խորհդում ներառված են Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը: Հունգարիան դիտորդի կարգավիճակ ունի: