Սա դիտարկում եմ օրեր առաջ ԱԺ փոխոսնակի կողմից ցինիկ ձևով արտահայտված՝ դատարանները վերցնելու մտադրության և քաղաքական նպատակի ներքո. Մելիքյանը՝ ԱԺ-ում ընդունված նախագծի մասին (տեսանյութ)

17:28 • 19.03.21

Այս նախագիծը դիտում եմ օրեր առաջ շատ ցինիկ ձևով ԱԺ փոխոսնակի կողմից արտահայտված՝ դատարանները վերցնելու մտադրության և քաղաքական նպատակի ներքո. լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծ, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: 

«Այս նախագիծն իրենից ներկայացնում է Սահմանադրության ամենակոպիտ խախտումը հետևյալ դրսևորումներով՝ ո՞վ է տեսել, որ դատավորը գործը քննի և ինչ-որ մի մարմին, թեկուզ ԲԴԽ-ն ընթացքում որոշի, որ այդ գործը դատավորից վերցնում է, նման բան ուղղակի անպատկերացնելի է: Դատարանը, երբ սկսում է արդարադատություն իրականացումը, պետք է ավարտի այն: Դատարանը բացառապես օրենքով պետք է առաջնորդվի, չի կարող մեկ ուրիշ մարմին վերահսկել արդարադատության իրականացումը, քանի դեռ այն չի ավարտվել»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ նման նախագծերի ժամանակ պետք է ընդդիմությունն իր դիրքորոշումը կոշտ ձևով արտահայտի. «Ամբողջ աշխարհում նման դեպքերում մարդիկ վեր են կենում, ամբիոնը գրավում են և ասում են՝ չենք թողում, որ նիստ անեն, ոչ թե «գալստուկով» գան նստեն և ինչ -որ հարցեր տալ և «գալչկաներ» դնել: Ես՝որպես քաղաքացի, շատ վրդովված եմ այս վարքագծից: Սա խայտառակ բան է՝ այս նախագիծը հնարավորություն է տալիս արդարադատության իրականացմանն ուղիղ միջամտել»: