Փարիզում նորից կորոնավիրուսային արգելափակումներ կմտցվեն․ 24 ժամում երկրում վարակվել է 35 000 մարդ

09:44 • 19.03.21

Փարիզում նորից արգելափակումներ կմտցվեն՝ կորոնավիրուսային 3–րդ ալիքի տարածման նախաշեմին, հայտնում է BBC լրատվականը։

Այսօր կեսգիշերին, կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված, արգելափակումներ կմտցվեն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և ևս 15 վարչատարածքային միավորներում։

Վարչապետ Ժան Կաստեքսն ասել է, որ այս անգամ սահմանափակումները նույնքան խիստ չեն լինի որքան նախկինում են եղել և թույլատրված կլինի մարզվել դրսում։ Նա հավելել է, որ երկրում վարակման երրորդ ալիքի տարածումը գնալով ավելի հավանական է դառնում։

Իրավիճակը մտահոգիչ է հատկապես Փարիզում, քանի որ 1200 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում. այց ցուցանիշն ավելի բարձր է, քան նոյեմբերին երկրորդ ալիքի պայմաններում գրանցված ցուցանւշը։

Համաձայն նոր սահմանափակումների, ոչ կենսական նշանակության հաստատությունները կփակվեն, իսկ դպրոցները կշարունակեն գործել։ Մարդիկ իրավունք կունենան իրենց տնից մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա մարզվել, իսկ ավելի հեռու կարող են գնալ միայն հիմնավոր պատճառների առկայության դեպքում, իսկ պարետային ժամը (տանից դուրս գալն արգելվում է երեկոյան 6–ց առավոտյան 6–ը) կշարունակի գործել։

Լրատվականը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում գրանցվել է վարակման մոտ 35 հազար դեպք։