Պետք է պաշտպանվել, եթե քեզ վտանգ է սպառնում, մնացած բոլոր պարագաներում դու սխալ ես․ ես դատապարտում եմ․ Ալեն Սիմոնյանը՝ Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակման մասին (տեսանյութ)

13:03 • 19.03.21

Հակոբ Արշակյանն իմ լավ ընկերն է, շատ պարկեշտ անձնավորություն է, և ինքը հանդես է եկել հայտարարությամբ։ Ես նույնպես դատապարտում եմ, և վստահ եմ, որ ինքը նույնպես շատ ցավագին է տանում այն փաստը, որ չի կարողացել իր նյարդերին տիրապետել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՏԱ նախարարի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակվելուն։

Հիշեցնենք, որ Ֆահրադյանն այդ մասին հայտնել էր երեկ՝ իր ֆեյսբուքյան էջում, ավելի ուշ տարածվեց նաև դեպքի մասին վկայող տեսանյութը։

«Հասկանում եմ, որ այսօր թե՛ սադրանքները, թե՛ լարված իրավիճակն իրենց ազդեցությունն ունենում են, բայց, այնուամենայնիվ, որևէ մեկն իրավունք չունի բռնություն գործադրել և նման ագրեսիվ գործունեությամբ հանդես գալ։ Յուրաքանչյուր դեպքում հարձակվել չի կարելի՝ անկախ նրանից՝ ինչ է կատարվում, դու կարող ես միայն պաշտպանվել։ Դու քաղաքական գործիչ ես, նախարար ես, պետք է պաշտպանվես, եթե քեզ ինչ-որ վտանգ է սպառնում, մնացած բոլոր պարագաներում դու սխալ ես, և ես կարծում եմ՝ Արշակյանը նույնպես այդպես է կարծում»,-ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Արշակյանը պաշտոնանկ արվի, Սիմոնյանն արձագանքեց, թե այդ հարցին չի կարող պատասխանել․ «Արշակյանն առաջին իսկ վայրկյանից նշել է, որ պատրաստ է յուրաքանչյուր տեսակի պատասխանատվություն կրել, և դա ևս մեկ անգամ պատիվ է բերում իմ գործընկերոջը»,-նշեց նա։