Իտալիայում զորավարժության ժամանակ տանկը սխալմամբ կրակ է բացել թռչնաֆաբրիկայի վրա

14:14 • 19.03.21

Իտալիայի Պորդենոնե նահանգում ուսումնավարժական զորավարժությունների շրջանակներում տանկը սխալմամբ կրակ է բացել թռչնաֆաբիկայի վրա, որի հետևանքով շատ թռչուններ են սատկել, գրում է il Fatto Quotidiano թերթը:

Նշվում է՝ դեպքը տեղի է ունեցել օրերս: Ըստ նախնական տեղեկությունների՝ տանկի անձնակազմը սխալ է թույլ տվել և կրակել է թռչնաֆաբրիկայի պատին: Ձեռնարկության տերերը ավերածությունները  նկատել են միայն հաջորդ առավոտ, երբ աշխատանքի են ժամանել: Նրանք մանրամասնել են, որ «հարվածի պատճառով շենքի պատի փլուզման հետևանքով շատ հավեր են սատկել»:

Պորդենոնեի դատախազությունը հետաքննություն է սկսել: Ըստ թերթի, քննիչները առգրավել են զորավարժություններին մասնակցած չորս տանկ: Զինվորականները ստիպված կլինեն բացատրել, թե ինչու են մարտական մեքենաներով կրակ արձակել բնակավայրի ուղղությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ հրաձգության վայրը գտնվել է հակառակ ուղղությամբ: