Բնական է՝ նվազել է մեր վարկանիշը, բայց քարոզարշավի ընթացքում կփորձենք հետ բերել, վստահ եմ, որ հաղթելու ենք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հիմա քննարկումներ են գնում, կընդգրկվեն նաև խորհրդարանական ընդդիմության մեր գործընկերները, ես չեմ մասնակցել այդ քննարկումներին, մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց չեմ բացառում, որ հընթացս մենք քննարկելու ենք նաև նոր ընտրական օրենսգիրքը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե Դուք ռեյտինգայինով առաջադրված թեկնածուներից եք, կո՞ղմ եք, որ ռեյտինգային համակարգը հանվի, թե պետք է պահպանվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ ռեյտինգային համակարգը ցանկալի է, որ չլինի, բայց ինքը պատրաստ է ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել:
Ի պատասխան հարցի, որ մեկ ամիս առաջ իշխող ուժը հայտարարում էր արտահերթի պահանջ չկա, հիմա ի՞նչ եղավ, որ ուզում եք արտահերթ ընտրությունների գնալ, Սիմոնյանն ասաց, որ իշխող ուժը միշտ կողմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, սակայն ընդդիմությունը այլ պահանջներ է ներկայացրել։
«Հաշվի առնելով այն իրավիճակը և քաղաքական առումով լարվածությունը և վերջիվերջո ստեղծված իրավիճակից ամբողջ էներգիան, որ կուտակվել է, պետք է գնա և լցվի քվեատուփերի մեջ: Իսկ ինչ վերաբերում է հանրության պահանջին, իմ կարծիքով՝ մեծամասնությունը հիասթափված է քաղաքական բոլոր ուժերից: Եվ քաղաքական ուժերի գլխավոր նպատակն այն է, որ հանրությանը առաջարկներ ներկայացնենք, որը կամ կընդունի թե ոչ:
Հարցին, թե երկրի անվտանգությունից ելնելով, որքանո՞վ էր նպատակահարմար այս պահին ընտրություններ անելը, ԱԽ փոխնախագահը պատասխանեց. «Հենց երկրի անվտանգության նկատառումներից ելնելով է պետք այսօր ընտրություններ անցկացնել, որովհետև երկիրը չի կարող անընդհատ ցնցումների մեջ գտնվել»:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրություններից, հարցումները ցույց են տալիս, որ իշխող ուժի վարկանիշը նվազել է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բնական է՝ նվազել է, բայց քարոզարշավի ընթացում մենք կփորձենք հետ բերել, ես վստահ եմ, որ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններում»:
Անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի պայմաններում մտավախություն չկա՞, որ քարոզարշավները կնպաստեն վարակի տարածմանը, Սիմոնյանը պատասխանեց. «Նման խնդիր կա, բայց գոյություն ունեն հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան ձեր նշած խնդիրը և մենք պետք է քննարկենք թե այդ իրավիճակում ի՞նչ լուծում գտնենք, ես կարծում եմ, որ ընտրությունն անհրաժեշտ է: Արցախում ընտրություն ունեցանք, կորոնավիրուսի ամենաթեժ ժամանակահատվածում և դրանք ազդեցություն չունեցան»:
Հարցին, թե արդյոք քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը գնալու է «ոչ թավիշին» կարգախոսով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե դա չլինի օֆիցիալ կարգախոսը, դա կարմիր գծով անցնելու է ամբողջ քարոզարշավի ընթացքում, որովհետև ՀՀ քաղաքացիների զանգված կա, որը հիասթափված է նաև թավշյա մոտեցումից: Իմ մեկնաբանությամբ՝ »ոչ թավիշին», այն է, որ իրավական առումով չփորձենք ավելի մեղմ լինել ընտրություն կատարելու ժամանակ, ընտրել ամենամեղմ հնարավոր լուծումը քաղաքական դաշտում»:










