Խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը, հետ կգցի պրոցեսները. Մարուքյանը՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման մասին (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի վրա շուրջ մեկ տարի աշխատանքներ են ընթացել «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է բաց ցուցակ ռեյտինգային ընտրակարգի ՀՀ ամբողջ տարածքով մեկ, սակայն այդ տարբերակը չի ընդունվել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե փորձ արվի ընդունել նոր օրենսգիրք դա կընդունվի 20 օր, մեկ ամսվա ընթացքում, դա կնշանակի, որ պրոցեսի ընթացքում խաղի կանոնները կփոխվեն: Հետևաբար, այս փուլում, մենք չենք տեսնում, որ հնարավոր է գալ կոնսենսուսի այդ հարցով, իսկ առանց կոնսենսուսի խորհրդարանում ընդունել ընտրական օրենսգիրք՝ դա սխալ բան կլինի: Մեզ անհանգստացնում է, այն, որ խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը հետ կգցի պրոցեսները և մարզային ներկայացվածությունը կնվազի խորհրդարանում և մեր մարզերում ապրող բնակիչները հնարավորություն չեն ունենա իրենց ներկայացուցիչներն ունենալ ապագա խորհրդարանում»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում ընտրության անցկացումը, դուք նախկինում ասում էիք, որ ամեն քվեատուփի կողքին արյուն կարող է հոսել, Մարուքյանը պատասխանեց, որ հիմա խմբեր կան, որ զինաթափվել են, խմբեր կան, որ պետք է զինաթափվեն, մի մասով մտահոգություններ փարատված են, մի մասով՝ ոչ:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պայքարը արդար է լինելու, Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով՝ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ փող բաժանողները ձերբակալվեն, կալանավորվեն, հետո էլ դատապարտվեն դատարանների կողմից մեղադրական դատավճիռներով. «Պետք է իշխանությունն ամեն ինչ անի, որ ադմինիստրատիվ ռեսուրս ինքը չկիրառի, բազմաթիվ պարտավորություններ ունի իշխանությունը, ընդդիմությունն էլ ունի պարտավորություն՝ հսկել գործընթացը, իրազեկել հանրությանը և տալ նման դեպքերի պարագայում հաղորդումներ, հետամուտ լինել, որ դեպքերը բացահայտվեն, որ ընտրություններն անցնեն բոլոր չափանիշների պահպանմամբ»:
Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» դիրքորոշմանը՝ Մարուքյանն ասաց, հնարավոր է լինեն ուժեր, որ ուզենան այդ կերպ շարունակել իրենց պայքարը. «Հույս ունեմ՝ երկրում լարվածությունը ընտրություների օրվա հետ կապված թուլացել է և թուլանալու է, որովհետև վաղ թե ուշ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին: Այս թվում նաև այն ուժերն, որոնք միշտ հայտարարել են, որ այս իշխանության կազմակերպած ընտրություններին բացառում են, որ կմասնակցեն և հիմա ասում են՝ կմասնակցեն, քաղաքականություն է: Հիմա հնարավորություն է ստեղծվել՝ իշխանությանը փոխել ընտրությունների միջոցով, ինչի՞ չպետք է ընդդիմադիր ուժը մասնակի»:










