Գլխավոր շտաբի հայտարարությունը վախեցրել էր Թուրքիային, որը մտավախություն ուներ, որ Հայաստանը կարող էր շանս ունենալ վերականգնել իր խեղված արժանապատվությունը. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

15:02 • 19.03.21

Գլխավոր շտաբի հայտարարությունը վախեցրել էր Թուրքիային, որը և ուներ մտավախություն, որ Հայաստանը կարող էր շանս ունենալ իր խեղված արժանապատվությունը վերականգնելու և վերականգնելու այն պատմությունը, որը ոտնահարել է այս իշխանությունը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«ՀՀ որոշ շրջանակներ և Թուրքիայի ու Ադրբեջանի վերնախավն ունեն նույն կարծիքը մեր սպայակազմի հայտարարության վերաբերյալ, Թուրքիան հայության ոխերիմ թշնամին է, չի կարող այդ պետությունը հայանպաստ մտահոգություն ունենալ»,-ասաց նա։

Թուրքագետի խոսքով՝ իշխանականների թիմն ամբողջ գործունեության ընթացքում արել է քայլեր, արել է հայտարարություններ, որոնք հաճելի են թշնամուն: «Իշխանության մեջ եղած մարդիկ և նրանց շրջապատող մարդիկ թիրախավորում են նաև այլ կառույցներ, մեր պետության մեջ, ըստ էության, պատերազմ է գնում պետական ինստիտուտների միջև, ԳՇ-ին հաջորդեց ՄԻՊ-ը»,-ասաց նա և հավելեց, որ այս շրջանում ՄԻՊ-ն այն կառույցն է, որը զբաղվում է Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպանական քայլերի բարձրաձայնմամբ, բայց համազգային պայքարն առաջ տանելու համար ՀՀ իշխանությունները խնդիրներ են առաջացնում:

Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող այն հարցին, թե ինչպես էր դերասան Հովհաննես Ազոյանը մեկնաբանություն գրել Իլհամ Ալիևի տիկնոջ ֆեյսբուքյան գրառման տակ և փորձել խաղաղության քարոզել, թուրքագետն անհասականալի համարեց, թե ինչպես կարող է առհասարակ ՀՀ քաղաքացին նման քայլի գնալ և շեշտեց, որ առաջին անգամ չի ապացուցվում, որ նման մոտեցում ու հայացքներ ունեցող մարդիկ մտերիմ են Նիկոլ Փաշինյանի հետ:

«Այդ հայտարարությունները մեր հանրային զգոնությունը վերջնականապես կործանելու միտված քայլեր են, չէր կարելի ենթադրել, որ տարիներ առաջ կարող էր նման բան ասել»,-նշեց նա:

Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ այսօր հայկական մշակույթը ևս կանգնած է ցեղասպանության առաջ և այն փաստը, որ Ադրբեջանի նախագահն այցելում է Արցախում հայկական հուշարձանների, եկեղեցիների տարածքներ, ցույց է տալիս, որ մեր մշակութային ժառանգության կարևոր շերտը ոչնցացման սպառնալիքի տակ է: «Այսօր դա պաշտպանելու ռեալ մեխանիզմ չկա և մենք, ցավոք, վերադառնում ենք 100 տարի առաջվա վիճակին, տխուր դեժավյու է»:

Մանրամասները՝ տեսանյութում։