Ֆիլիպիններում հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութը

09:49 • 19.03.21

Ֆիլիպինների իշխանություններն արտակարգ օգտագործման համար հաստատել են ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մանրազնին ուսումնասիրությունից հետո առողջապահության ոլորտի մեր փորձագետները, ինչպես նաև դեղամիջոցների և սննդամթերքի որակի կառավարման վարչությունը թույլատրել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումն արտակարգ իրավիճակներում»,- ճեպազրույցում մանրամասնել է գերատեսչության ղեկավար Էրիկ Դոմինգոն: 

Նախկինում երկիրը հաստատել էր Pfizer և AstraZeneca ընկերությունների մշակած պատվաստանյութերը, ինչպես նաև չինական Sinovac չինական դեղամիջոցի օգտագործումը: 

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: