ՌԴ քաղաքացին իրեն մեղավոր է ճանաչել Tesla-ի դեմ հաքերային հարձակում նախապատրաստելու համար

12:09 • 19.03.21

Ազգությամբ ռուս Եգոր Կրիուչկովը խոստովանել է, որ նախապատրաստվել է Tesla էլեկտրամոբիլների արտադրութամբ զբաղվող ընկերության դեմ հաքերային հարձակման իրագործմանը, հայտնել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը, նշելով՝ գործով դատավճիռը կհրապարակվի մայիսի 10-ին: 

Քննիչները պարզել են, որ Կրյուչկովը Ռուսաստանից ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ նա փորձել է կաշառել էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրող ընկերության աշխատակիցներից մեկին: Ռուսը ցանկացել է, որ Tesla-ի աշխատակիցն օգնի իրեն «վիրուսային ծրագրեր» ներբեռնել ընկերության ներքին համակարգչային ցանցերում:

«Կրիուչկովն իրեն մեղավոր է ճանաչել պաշտպանված համակարգչին կանխամտածված վնաս հասցնելու դավադրության համար»,- ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է՝ մինչ այս Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չէր ընդունել իր մեղքը:

Հիշեցնենք՝ տղամարդը ԱՄՆ-ում ձերբակալվել էր 2020 թվականի օգոստոսին: Մեկ ամիս անց նրան մեղադրանք էր առաջադրվել Tesla-ի նկատմամբ հաքերային հարձակում  նախապատրաստելու  դավադրության համար:

Ավելի ուշ շրջանառվող լուրերը հաստատել էր նաև ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը: