Եթե պաշտոնյաները վստահ լինեն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կստանան քննադատող արձագանք, լրագրողների նկատմամբ այդպիսի վերաբերմունք չեն դրսևորի. Անի Գևորգյան (տեսանյութ)

11:58 • 20.03.21

Եթե պաշտոնյաները վստահ լինեն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կստանան քննադատող արձագանք, լրագրողների նկատմամաբ այդպիսի վերաբերմունք չեն դրսևորի։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդման եթերում ասել է լրագրող Անի Գևորգյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Փայլակ Ֆահրադյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Եթե պաշտոնյան ցերեկը նստել է սրճարանում, ինքը պետք է պատրաստ լիներ, որ իրեն կարող են հարցեր տալ, կլինեն դեպքեր, որ իր որոշ գործողություններ կարող են սահմանափակվել, պաշտոնյան պետք է դա գիտակցի»,-ասաց ԱՆի Գևորգյանը:

Նրա խոսքով՝ պաշտոնյան պետք է պատրաստ լինի, որ իրեն կարող են թիրախավորել, հատկապես այն պաշտոնյան, որը վերջերս բյուջեի հաշվին բուկլետներով էր ներկայացնում Հայաստանի սպառազինությունը, միայն դրանից հետո նա այդ պաշտոնը պետք է էլ չզբաղեցներ։

Անի Գևորգյանն ընդգծեց՝ տեսանյութում պարզ երևում է՝ Փայլակ Ֆահրադյանը հարվածներ չի հասցրել Հակոբ Արշակյանին:

«Տեղի ունեցածը պետք չէ մեկնաբանել որպես ծեծկռտուք, քանի որ իմ գործընկեր Փայլակ Ֆահրադյանը հարվածներ չի հասցրել Հակոբ Արշակյանին, փոխարենը՝ կադրում երևում է՝ ոնց է Հակոբ Արշակյանը հարվածներ հասցնում լրագրողին, այսինքն՝ մենք գործ ունենք հարձակման հետ»,- նշեց լրագրողը:

Միջադեպի մասնակից, լրագրող Փայլակ Ֆահրադյանն էլ նշեց, որ ինքն  իրականացրել է իր մասնագիտական պարտականությունները:

«Ես հանրային վայրում հանրության շահն եմ պաշտպանել, քանի որ մարդկանց հետաքրքրում է՝ ինչու է ԱԹՍ արտադրող և Աբու-Դաբիում Հայաստանը խայտառակ անող նախարարը նստում սրճարանում իր աշխատանքային ժամին»,- նշեց Փայլակ Ֆահրադյանը:

Լրագրող Անի Գևորգյանը, խոսելով լրագրող-պաշտոնյա աշխատանքային փոխհարաբերություններին, անդրադարձավ իր և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպերին և նշեց, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պաշտոնյայի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:

«Նշեմ, որ ԱԺ-ից որևէ ակնկալիք չունեմ, պարզապես սա արել եմ, որպեսզի հասարակությունը տեսնի՝ լրագրողները հետևողական կերպով փորձում են իրենց իրավունքներն իրացնել: ԱԺ-ից արձագանք չստանալու դեպքում կարող եմ դիմել դատարան, իսկ դատական ատյաններից արձագանք չստանալու դեպքում կարող եմ դիմել ՄԻԵԴ»,- ասաց Անի Գևորգյանը: