ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնում Բայդենն առաջադրել է նախկին տիեզերագնաց և սենատոր Բիլ Նելսոնի թեկնածությունը
Ամերիկացի սենատոր և նախկին տիեզերագնաց Բիլ Նելսոնը առաջադրվել է ՆԱՍԱ-ի հաջորդ ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, 78-ամյա դեմոկրատ գործչի թեկնածության առաջադրումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից երկկուսակցական հավանության է արժանացել: Նրա թեկնածությունը պետք է հաստատվի Սենատում, որից հետո նա կկարողանա ստանձնել պաշտոնը:
Նելսոնը հայտնել է, որ «իր համար պատիվ է ընտրվել ԱՄՆ տիեզերական գործակալությունը ղեկավարելու համար, և որ ինքը կառաջնորդի ՆԱՍԱ-ն դեպի տպավորիչ ապագա:
Նելսոնը նախկինում հեղինակել և ղեկավարել է ՆԱՍԱ-ի Space Launch System հրթիռակրի ստեղծման նախագիծը, որը հավանություն էր ստացել Օբամայի ղեկավարության օրոք:
ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնում Նելսոնը կփոխարինի Ջիմ Բրայդենստայնին, որը տիեզերական գործակալությունը ղեկավարել է երեք տարի:










