Ֆրանսիայում իրավապահները ելակի մարմելադը շփոթել են թմրանյութի հետ և այն որպես ապօրինի նյութ առգրավել

13:36 • 20.03.21

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի մերձակայքում անցկացված հատուկ գործողության ընթացքում «թմրանյութերի» մեծ խմբաքանակ է առգրավել, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ առգրավվածը ոչ թե թմրանյութ է, ինչպես ենթադրվում էր, այլ ելակի մանրացված մարմելադ, հայտնում է korrespondent.net-ը:

Խուզարկությունն իրականացվել է Սեն Ուեն համայնքում գտնվող նարկոլաբորատորիայում, որտեղ, ըստ իրավապահների տվյալների, արտադրվել են սինթետիկ թմրանյութեր, ապա իրացվել: Առգրավված նյութերն ուղարկվել են հետազոտության, որի ընթացքում պարզվել է, որ «թմրանյութերը» ամենևին էլ թմրանյութ չեն: Վարդագույն փոշին մանրացված ելակի մարմելադ է:

Ավելի վաղ Փարիզի ոստիկանությունն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել էր թմրանյութերի առգրավման մասին և հավելել, որ առգրավված ապրանքների արժեքը մեկ միլիոն եվրո է: