Ծայրահեղ անընդունելի է հանրային հարթակում վիրավորական, ագրեսիվ կամ ատելություն պարունակող բառապաշարի կիրառումը. Հակոբ Կարապետյանը՝ Ավանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանի հրապարակման մասին

13:43 • 21.03.21

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ազատելու կամ կարգապահական բնույթի գործողություններ կիրառելու իրավասություն ունի վարչական շրջանի ղեկավարը: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի այն հրապարակման մասին, որտեղ վերջինս, վիրավորական խոսքեր է հնչեցնում լրագրողների և ՄԻՊ-ի հասցեին:

«Մենք առիթ ունեցել ենք դիրքորոշում հայտնելու, ևս մեկ անգամ վերահաստատում եմ քաղաքապետարանի դիրքորոշումը, որ ծայրահեղ անընդունելի է հանրային հարթակում, հանրային խոսքի մեջ վիրավորական ագրեսիվ կամ ատելություն պարունակող բառապաշարի կիրառումը, անկախ նրանից, թե ով է դա կիրառում: Անհատի նկատմամբ, մարդկանց կամ սոցիալական որևէ խմբի հասցեին նման բառապաշարի կիրառումն անընդունելի է»,-ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքին:

«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ։ Ժամանակին, որ ասում էինք թավիշը մի խառնեք թուլության հետ, չէիք հասկանում»,- գրել էր նա։