Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանն ասել է, որ Լոնդոնը երկկողմ հարաբերությունների հիմնական մասը ոչնչացրել է, և քաղաքական առումով դրանք «մեռած վիճակում են»

04:43 • 21.03.21

Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան տնտեսական ու մշակութային ոլորտներում շարունակում են համագործակցել, բայց քաղաքական հարթությունում հարաբերությունները գործնականում մեռած վիճակում են, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը:

«Բրիտանական կառավարությունը ոչնչացրել է մեր հարաբերությունների հիմնական մասը, դրանք տնտեսական ու մշակությային ոլորտներում ենք պահպանում, իսկ քաղաքական ոլորտը գործնականում մեռած վիճակում է: Մեծ Բրիտանիան Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է որդեգրել, ինչը մենք չենք ընկալում»,- ասել է դեսպանը:

Նա նաև շեշտել է, որ Լոնդոնը Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում մարդու իրավունքների խախտումների հիմքով:

«Նման մոտեցումն ազնիվ չէ, որովհետև չկա որևէ երկիր, որտեղ մարդկանց իրավունքների խախտման դեպքեր տեղի չեն ունենում: Ամեն երկիր իր խնդիրներն ու մոտեցումներն ունի: Մարդու իրավունքները բարդ ոլորտ է, բայց տվյալ հարցը պետության ինքնիշխանությանն է վերաբերում»,- նշել է Կելինը: